Ստամբուլում արգելել են ապրիլի 24-ի հիշատակի արարողությունները

2010թ–ից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպվում էր ոգեկոչման երթ՝ ի հիշատակ 1915 թվականին ու դրանից հետո զոհված հայերի, սակայն Ստամբուլի նահանգապետարանն այս տարի արգելել է Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունները։

Հայտնում է Թուրքիայում լույս տեսնող հայկական երկլեզու «Ակոս» թերթը՝  հիշեցնելով, որ հավաքն արդեն 3-րդ անգամ է արգելվում․ նախորդ երկու տարիներին` 2020 և 2021թթ–ին արգելվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

«Ստամբուլի նահանգապետին ուզում ենք հարցնել՝ ի՞նչ է փոխվել։ Ինչո՞ւ է այս տարի արգելվել 2010-2019թթ–ին տեղի ունեցած հիշատակի միջոցառումը»,– հիշատակի երթի կազմակերպիչները՝ «Հիշողության հարթակը» նահանգապետի վարչակազմին հորդորել են վերանայել արգելքի որոշումը։