Որպես Փաշինյանի խմբակցության նախկին անդամ եմ ասում՝ նա խաբել է բոլորիս․ Թագուհի Թովմասյան
Բոլոր նրանք, ովքեր մեզանից սպասում էին գործողություններ, ասում եմ՝ մեկնարկը տրված է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Վճռականության պակաս բացարձակ չկա, մենք հետևողականորեն գնալու ենք մինչև վերջ: Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա։ Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի անգամ խաբել է բոլորիս։ Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է մեզ։ Արցախի հարցում ՔՊ-ն որդեգրել էր հստակ դիրքորոշում՝ «Անջատում հանուն փրկության»: Եվ հիմա այդ գաղափարը մերժելի է ՔՊ-ի համար, և նրանք պատրաստակամություն են հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ մի քանի օրից հանրությունը կտեսնի պայքարի տարբեր ձևեր, հետո կհավաքվեն այստեղ:
Հարցին, թե ինչի՞ են սպասում, Թովմասյանը պատասխանեց. «Մենք սպասում ենք կրիտիկական զանգվածի ձևավորման գործընթացի արդյունավետ իրականացմանը: Ամեն օր մենք ունենք թվի ավելացում: Սա մեր պայքարի մեկնարկն է: Ես կարծում եմ՝ քաղաքացիները կմիանան և մենք կկարողանանք իրականացնել մեր վճռական քայլերը: Դրա համար անհրաժեշտ է քաղաքացիների կոնսոլիդացիա: Եթե քաղաքացին չի ուզում երկրում փոփոխություն, դու չես կարող փոխել: Երբ դրսևորեց այդ ցանկությունը, առաջնորդողը կա: Կտրուկ քայլերի էլ ականատես կլինեք»:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ՝ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սև հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարեցին անժամկետ հացադուլի մասին։

