Զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը Հադրութից էր, մասնակցել էր 44-օրյա պատերազմին․ NEWS.am
Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով այսօր զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը ծնունդով Հադրութ քաղաքի Ցոր գյուղից էր։
«Արարատը երկար տարիներ Ռուսաստանում էր ապրում, 44-օրյա պատերազմի ժամանակ վերադարձավ, կամավորագրվեց և մասնակցեց պատերազմին, հետո էլ որոշեց, որ պետք է բանակում ծառայի և աշխատանքի անցավ որպես պայմանագրային զինծառայող։ Միշտ ասում էր՝ որ ես չգնամ կամ ուրիշը չգնա, մեր հայրենիքը կմնա առանց զինվորի, սահմանապահի։ Մի քանի օր առաջ հիվանդանոցում էր հայտնվել, պետք է մնար բուժումը շարունակեր, բայց չմնաց, ասաց՝ պետք է գնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի ընկերը՝ Կարենը։
Արարատ Թևոսյանի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել էր Արարատի մարզ։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, քույր ու եղբայր ունի։ 32-ամյա Արարատ Թևոսյանն ամուսնացած չէր։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.)։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում


