Խայտառակ իրավիճակ Իրան-Ադրբեջան սահմանին
Երկու օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ հարյուրավոր ադրբեջանցիներ ՌԴ-ից ցամաքային ճանապարհով չեն կարողանում վերադառնալ Ադրբեջան։ Ադրբեջանական անցակետը փակ է պահվում անգամ սեփական քաղաքացիների համար և փողոցներում մնացած 100-ավոր ադրբեջանցիների ժամանակավորապես ապաստան և գիշերակացի հնարավորություն է տվել սահմանամերձ Դերբենդ քաղաքում։
Այսօր արդեն սոցիալական ցանցերում տարածվում են տեղեկություններ, որ նույն իրավիճակն է տիրում նաև Իրան-Ադրբեջան սահմանին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս սեփական քաղաքացիներին Ասթարայի անցակետով վերադառնալ Ադրբեջան։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ Ասթարայով անցնել փորձող ադրբեջանցիներին ստիպում են վերադառնալ Իրան, շարժվել դեպի Նախիջևան և այնտեղից միայն ինքնաթիռով մեկնել Բաքու։ Իրավիճակից դժգոհ են հատկապես Իրանի հետ առևտուր անող սահմանամերձ շրջանների թալիշները։ Ստացվում է, որ Ասթարայում բնակվող թալիշը տուն վերադառնալու համար 5 կմ-ի փոխարեն պետք է կտրի 100-ավոր կիլոմետրեր. նախ հետ մեկնի Իրան, անցնի Նախիջևան, Նախիջևանից Բաքու ինքնաթիռով, իսկ Բաքվից արդեն դեպի հարավ՝ Ասթարա։

