Մեդինսկին՝ Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ հաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագրի տեքստը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Ես բացարձակապես պատրաստ չեմ դա մեկնաբանել։ Ասեմ միայն, որ ղեկավարների հանդիպման մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է, որ բանակցողների պատվիրակությունները նախապատրաստեն և համաձայնեցնեն պայմանագրի տեքստը։ Դրանից հետո մեր առաջարկների վերաբերյալ պայմանագրի տեքստը պետք է նախաստորագրվի արտգործնախարարների կողմից, համապատասխանաբար հաստատվի կառավարությունների կողմից։ Միայն դրանից հետո իմաստ ունի խոսել գագաթնաժողովի մասին», – ասել է նա։

Մեկնաբանելով բանակցային գործընթացը՝ Մեդինսկին հայտնել է, որ Մոսկվան ու Կիևն Ուկրաինայի ապառազմականացման հարցում «մոտավորապես կես ճամփին են»:

Կողմերի բանակցային դիրքորոշումների առաջխաղացումն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Ուկրաինայի դենացիֆիկացիան ու ապառազմականացումը, նրա խոսքով, կարելի է տարբեր կերպ գնահատել:

«Ինչ վերաբերում է ապառազմականացմանը, կասեի` 50/50 է։ Բանն այն է, որ ես լիազորված չեմ բացահայտել բանակցությունների որևէ մանրամասն ու չեմ անի դա։ Ո՛չ կոնկրետ թվեր, ո՛չ բանակցող կողմերի փաստարկները։ Բայց այդ մասով մենք մոտավորապես կես ճանապարհին ենք», – նշել է ռուսական պատվիրակության ղեկավարը։