Կիևի մետրոն դադարեցրել է ուղևորափոխադրումները և կծառայի որպես ապաստարան
Ուկրաինայի մայրաքաղաքում մետրոն դադարեցնում է ուղևորափոխադրումները և ծառայելու է որպես ապաստարան: Այս մասին «Թելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
«Մետրոն անցել է ապաստարանի ռեժիմի: Տրանսպորտային փոխադրումներ չեն իրականացվելու»,- նշել է Կլիչկոն:
Նա կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին մնալ տներում կամ ապաստարաններում: «Դուրս մի եկեք՝ բացառությամբ նրանց, ովքեր աշխատում են կրիտիկական ենթակառուցվածքների ձեռնարկություններում»,- գրել է Կլիչկոն:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
ԱՄՆ-ը և ԵՄ-ը գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

