Համարում եմ սխալ և անընդունելի․ Թուրքագետը՝ ԱԳՆ-ում կայացած երեկվա հանդիպման մասին

Երեկ կապիտուլիացիոն իշխանությունը հանդիպում էր բեմադրել մի խումբ մարդկանց հետ՝ իբր հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կարծիքների փոխանակման նպատակով։ Իմ կարծիքը համընկնում է արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի դիրքորոշման հետ, որը վերարտադրում եմ ստորև։

«Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը և Թուրքիայի հետ բանագնացը հանդիպել և հայ-թուրքական խնդիրներն են քննարկել մի խումբ փորձագետների հետ:

Այս առնչությամբ իմ դիրքորոշումը հետևյալն է.

– Սա իշխանությունների իմիտացիոն քայլերից մեկն է և նպատակ ունի տպավորություն ստեղծել, թե նրանք հարգում են մասնագիտական կարծիքը,

– Եթե այս իշխանությունները իրոք մտածեին պետական շահի մասին, ապա իրենց տոտալ ձախողումից հետո պետականությանը չէին հասցնի ևս մեկ հարված և կհեռանային իշխանությունից, բնականաբար չէին էլ մասնակցի ընտրություններին: Հենց նրանց պատճառով է, որ Հայաստանը հայտնվել է նման իրավիճակում և հայ-թուրքական բանակցություններում ունենք ծանր ստարտային պայմաններ,

– Եվ հիմա պետությանը նման վնաս հասցրածների հետ հանդիպել և քննարկել պետության շահերը ուղղակի անտրամաբանական է: Հանդիպմանը մասնակցած փորձագետների մի մասի ներկայությունը կանխատեսելի էր` հաշվի առնելով նրանց կողմնորոշումները, սակայն իմ որոշ ավագ գործընկերների մասնակցությունը համարում եմ ՍԽԱԼ և ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ,

– Սա գործընթացի լեգիտիմացմանը նպաստ է…»։

 

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից