Պետք է սառը հաշվարկ անել․ Ռոբերտ Քոչարյանը միութենական պետությանը միանալու մասին

«Ներկայիս իշխանության համար չկա այնպիսի օրակարգ, ինչպիսին անդամակցությունն է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը: Նրանց համար, հավանաբար, չկա նաև Հայաստանը հզորացնելու օրակարգ, չկա հայ ժողովրդի ազգային շահերն առաջ տանելու օրակարգ»,- 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Միութենական պետությանն անդամակցելու հնարավորության մասին հարցին։

Քոչարյանը նշեց, որ կան բավական հաջող ինտեգրացիոն միավորումներ, որոնց շատ երկրներ ցանկանում են միանալ։ Այդ թվում է Եվրամիությունը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունն այսօր ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից խիստ զիջում է Եվրամիությանը։ «Ըստ իս, ապրիորի, չպետք է վախենալ նման ինտեգրացիոն գործընթացներից։ Պարզապես պետք է նստել և հաշվարկել՝ ինչ կստանանք դրանից և ինչ ստիպված կլինենք զիջել։ Պետք է սառը հաշվարկ անել։ Նման առաջարկներ դեռ չեն ստացվել։ Ամեն դեպքում, իմ նախագահության օրոք այս հարցը չի քննարկվել։ Ի դեպ, մենք նույնպես նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել։ Մենք չէինք կարծում, որ դրա անհրաժեշտությունը հասունացել է»,- նկատեց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ այս գործընթացներին պետք է ծայրահեղ պրագմատիկ վերաբերմունք ցուցաբերել։ Նա համոզված է, որ համապատասխան երկխոսություն հաստատելու համար պետք է խորացնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները։ «Չկա որևէ այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ դարձյալ տարածաշրջանային գործոնի վերածելու հարցում»,- վստահեցրեց նախկին նախագահը։

«Մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև, որոնք և ձևավորում են այսօրվա օրակարգը։ Եվ Հայաստանը պետք է լուծումներ գտնի։ Բայց այդ որոշումները կապված են այն ուղիների հետ, որոնք մենք պետք է ընտրենք։ Եթե դու ուզում ես գործոն դառնալ այս տարածաշրջանում, եթե ցանկանում ես վերականգնել նախկին դիրքը, ապա պետք է լուծումներ գտնես։ Լուծումներից մեկը կարող է լինել միութենական պետությանը միանալը։ Այո, գուցե: Բայց այսօր դա այդպես չէ։ Այդ գործընթացի նախաձեռնողը պետք է դառնան Հայաստանի գործող իշխանությունները»,- պարզաբանեց Քոչարյանը։

Դրա համար, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները պետք է ներկայացնեն իրենց տեսլականը, իրենց պայմանները։ Սակայն, ըստ նրա, իրենց ավելի հարմար է լռել և որևէ կոնցեպտ չներկայացնել։