Քաոս՝ Կանադայում, ցուցարարները պարել են «Անհայտ զինվորի» գերեզմանի վրա
Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կանադայի մայրաքաղաք Օտտավայի փողոցներ՝ պահանջելով վերացնել ԱՄՆ-ի հետ սահմանը հատող բեռնատարների վարորդների համար պարտադիր պատվաստումները։ Բեռնատարների վարորդներն ասում են, որ կմնան մայրաքաղաքում այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները զիջումների չեն գնում, հայտնում է BBC-ն։
«Ազատության շարասյուն» կոչվող բողոքի ցույցերը Կանադայի մայրաքաղաքում սկսվել են հունվարի 29-ին՝ ընդդեմ կառավարության կողմից հաստատված պատվաստանյութի հավաստագրի, որը պահանջում է ծանր տրանսպորտային միջոցների չպատվաստված վարորդներին ԱՄՆ-ից Կանադա վերադառնալուց հետո երկու շաբաթով ինքնամեկուսացվել։ Ցուցարարները սկսեցին հակադրվել COVID-19-ի հետ կապված այլ սահմանափակումներին, ինչպես նաև քննադատեցին Ջասթին Թրյուդոյի կառավարությունը։ Ինքը՝ Թրյուդոն, ցուցարարներին անվանել է «մարգինալացված փոքրամասնություն»։
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք հետաքննում են ցուցարարների հետ կապված մի քանի միջադեպեր այն բանից հետո, երբ ցուցարարները բարձրացել են ազգային հուշահամալիրի միջնապատի վրա՝ գոռալով «Ազատություն» և պարել են Անհայտ զինվորի գերեզմանի վրա:
Բեռնատարները արգելափակել են նաև խորհրդարանի շրջակայքի փողոցների շարժը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընտանիքի հետ լքել է մայրաքաղաքը: Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդն ասել է, որ միջադեպերն արժանի են խստագույնս դատապարտման:

