Միայն այս փոքրիկ մենախցում ես ամբողջությամբ ընկալեցի ժամանակի քչությունն ու նրա արագ ընթացքը
Գ․ Իսագուլյանի նամակը «Վարդաշեն» Ք․Կ․Հ-ից
Սիրելի հարազատներ, բարեկամներ, ընկերներ, աջակիցներ,
Սիրելի հայեցի հայեր,
եթե ես իմանայի, թե ինչքան քիչ է ժամանակը և թե ինչ անփութությամբ ենք մենք այն տնօրինում, ամեն ինչ այլ ընթացք կունենար։ Միայն այստեղ՝ այս փոքրիկ մենախցում ես ամբողջությամբ ընկալեցի ժամանակի քչությունն ու նրա արագ ընթացքը։ Պետք է կառչել այդ թռչող ժամանակի ամեն մի վայրկյանից։ 7 օր է՝ զրկված եմ արտաքին աշխարհի հետ ուղղակի շփումից, ու թվում էր, թե պետք է ձանձրանամ, բայց ոչ, ժամանակս ուղղակի չի հերիքում։
Եվ որպեսզի հասկանալի լինի, նկարագրեմ իմ առօրյան, բայց նրանց արտաքին նմանության մեջ բովանդակային մեծ տարբերություն կա։ Հիմա եմ հասկանում՝ ինչու են տարբեր մեծություններ ճգնել։ Ինչու է մեր գործընկեր Պեպանյանը ստեղծագործելու համար մենանում անտառում (Արծրուն ջան, մենախցում ավելի հետաքրքիր է)։
Դժվար է ասել՝ երբ է սկսվում առավոտն ու ավարտվում օրը։ Պայմանական ես իմ առավոտը համարում եմ այն պահը, երբ ասում են, որ իմ «զբոսանքի» ժամն է, իսկ դա սկսվում է 9։00-ին մինչև 10։00-ը։
«Զբոսանքի» վայրը 7×25 մակերեսով, բարձր պարսպով ու փշալարերով տարածք է։ Հենց դուռը բացվում է, քեզ դիմավորում են ճնճղուկներն իրենց ծլվլոցով։ Ես հետս միշտ երկու հաց եմ վերցնում, փշրում ու փռում եմ գետնին։ Առաջին օրը տարօրինակ էր, չգիտեի՝ ինչ անեմ, բայց տեղի ունեցավ հրաշք․ երբ քայլում էի, մի ճնճղուկ նստեց ուսիս, ակամայից կանգնեցի ու տեսա, թե ոնց մյուս ճնճղուկները թափվեցին հացի փշուրների վրա։ Քիչ հետո ճնճղուկները թռան փշալարերի վրա։ Ուսիս ճնճղուկը թռավ գետնի ու սկսեց դեմս թռչկոտելով առաջ գնալ։ Ես սկսեցի քայլել։ Ճնճղուկը մյուսների հետ թռավ, գնաց։ Մի տասը րոպե հետո նորից հայտնվեցին, ու նույն ճնճղուկը թռավ ուսիս։ Ես նորից կանգնեցի, ու կրկնվեց այն, ինչ առաջին անգամ։ Տեսածիս չէի հավատում․․․ Տեսա, թե ինչ ապշանքով է նայում դիտակետում կանգնած ավտոմատավոր զինվորը։ Զբոսանքի վերջնամասում մոտեցա խաչակիր դռանը, մտա ներս․ ինքնաշեն մատուռ․ աղոթեցի, այնտեղ մոմեր կային, վառեցի, ու ինձ ուղեկցեցին մենախուց։ Երկորդ օրը նույնը կրկնվեց, ու այսպես արդեն 7 օր։ Իհարկե, ուրիշ հրաշքներ էլ եղել են, հետո ավելի մանրամասն, կարծում եմ, պետք է պատմվածք գրվի։
«Զբոսանքից» հետո մենախցում ոտքի վրա նախաճաշում ենք ու անցնում գործի։ Աշխատում եմ երկու պատմվածքների վրա, առաջին պատմվածքի գլխավոր գործող անձինք են՝
- Նիկոլը
- Քյարամյանը
- Վլադիմիր Կարապետյանը
- Դատախազ Դավթյանը
- Քննիչ Ա․ Հարությունյանը
- Դատավոր Դ․ Արղամանյանը։
Սա պատմվածք է մի ստոր դավադրության մասին, որը գործում են վերոշարադրյալ անձինք, և որին օրինակ հրաժարվել են մասնակցել ԱԱԾ տնօրեն Աբազյանը, և ինչքան էլ տարօրինակ հնչի՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ջհանգիրյանը։ Իսկ դատավոր Դ․ Արղամանյանին տարվա ամենաերկար գիշերվա ընթացքում ծնկի է բերել քննիչ Ա․ Հարությունյանը։
Հուսով եմ՝ շատ հետաքրքիր պատմվածք կլինի՝ իրական հերոսներով։
Երկրորդ պատմվածքում, որում հերոսները անցյալից են ու ներկայից՝ շատ հետաքրքիր զրույցի են բռնվում, գործող անձինք են՝
- Կոմս Մոնտե Քրիստոն (Էդմոն Դանտես)
- Վոյնիչի «Բոռ»-ի Արթուրը (Ռիվարես )
- Աշոտ Երկաթը (Աշոտ Մինասյան)
- Անծանոթը (ապօրինի դատապարտվող)
- Իսագուլյանը (ԱԱԿ նախագահ)։
Նրանց միջև ծավալվող զրույցը կբացահայտի անցյալում և ներկայում ստորաբար սարքվող գործերի, զոհերի ու վերջում դրանց պատժի անխուսափելիության մասին։
Քանի որ այսքանից հետո էլի ժամանակ է մնում, գրում եմ բանաստեղծություններ, ակրոստիկոսներ։ Թարմացնում եմ պարսկերենի իմացությունս, սկսել եմ ինտենսիվ անգլերենի յուրացումը։ Մի խոսքով՝ ժամանակ չկա։ Չգիտեմ՝ նույնիսկ քնում եմ, թե ոչ։
Ժամանակի սղության պատճառով խոսքս երկար ստացվեց։
«Վարդաշեն» Ք․Կ․Հ․
26․12․21թ․

