Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձած զինծառայողներից մեկը կալանավորել է․ պաշտպան

Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 զինծառայողներից մեկի մասով առաջին ատյանի դատարանը կալանավորելու որոշում է կայացրել՝ բավարերլով համապատասխան միջնորդությունը։

Զինծառայող Ս․ Ա-ի պաշտպանը՝ Լևոն Վարդապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող մանրամասնել, թե որ դատավորի կողմից է նման որոշում կայացրվել, բայց հստակ է, որ բողոքարկելու են։

«Որոշումն անհիմն է, պարզապես դեռ այն չենք ստացել, ստանալուց հետո  համապատասխան ժամկետներում բողոքարկելու ենք։ Այլ մանրամասներ ձեզ հողորդել չեմ կարող»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին գերությունից վերադարձած զինծառայողի առողջական վիճակին՝ պաշտպանն ասաց.

«Այնտեղ նրան հարվածներ էին հասցրել, ուսի վնասվածք ունի, բայց բժիշկներն ասում են՝ կարող է չհոսպիտալացվել։ Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա  ծանր հոգեբանական վիճակում էր, գերությունից վերադարձած անձը ինչպիսի հոգեվիճակում պիտի լինի։ Հիմա էլ հայրենիք վերադառնալուց հետո այսպիսի վերաբերմունքի է արժանանում»,-ասաց նա։