Բողոքի ակցիա. Երևանի մի շարք փողոցներ փակվել են. ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիների (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Հաղթանակի կամուրջը, կանգնեցրել երթևեկությունը և բարձրախոսով հայտարարում են, որ այսօր ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում:
Այստեղ է նաև լրագրող Նաիրի Հոխիկյանը։ Նա հայտարարեց, որ այս պահին Երևանի տարբեր փողոցներ արգելափակված են՝ Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան:
Նա նաև հայտարարեց, որ իրենք պահանջում են չստորագրել սահմանազատման և սահմանագծման ծրագիրը և հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: Նրանց ձեռքին կա պաստառ «ազատագրական պայքար» գրառմամբ:
Նրան մոտեցան ոստիկաններ և պահանջեցին ազատել փողոցը և վերականգնել երթևեկությունը, ապա սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ Ազատագրական շարժման նախաձեռնողները հայտարարություն էին տարածել, որում նշված էր.
«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
– կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
– թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
– պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։
Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում’ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»։
Տեսանյութը՝ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

