Ռուսաստանի և Բելառուսի փոխգործակցության նոր ձևաչափերը պահանջված կլինեն նաև ԵԱՏՄ-ում․ ՌԴ վարչապետ
Վստահ եմ, որ փոխգործակցության նոր ձևաչափերը, որոնք մենք ստեղծում ենք Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման ընթացքում, պահանջված կլինեն նաև ԵԱՏՄ-ում։ Այս մասին նոյեմբերի 19-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Վերջերս մենք կարևոր փուլ անցանք ռուս-բելառուսական ինտեգրման ճանապարհին։ Հաստատվել են Միութենական պետության ստեղծման մասին համաձայնագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունները և միութենական 28 ծրագրերը»,-ասել է նա։
ԵԱՏՄ-ի շրջանակում հարաբերությունները, նրա խոսքով, կառուցված են փոխօգնության, հավասար գործընկերության, փոխադարձ հարգանքի և յուրաքանչյուր պետության շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։ «Վստահ եմ, որ դա մեզ թույլ կտա շարունակել արդյունավետորեն զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը և իրականացնել նոր խոստումնալից նախագծեր բոլոր ոլորտներում։ Միասին մենք կշարունակենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ եվրասիական տարածքում ապրանքների, կապիտալի ծառայությունների և աշխատուժի անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու, Միության զարգացման ռազմավարական ուղղությունները մինչև 2025թ. Իրականացնելու համար։ ԵԱՏՄ-ն բաց է մեր արտաքին գործընկերների հետ երկխոսության համար։ Ազատ առևտրի համաձայնագրի աշխարհագրությունը ընդլայնվում է։ Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, մենք ակտիվորեն աշխատում ենք Ինդոնեզիայի և Մոնղոլիայի հետ, ամրապնդում ենք համագործակցությունը Չինաստանի հետ՝ հաշվի առնելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը»,-ընդգծել է Միշուստինը։

