Ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու համար․ ՀՀԿ ԵԿ-ի նախաձեռնությունը (տեսանյութ)

Այսօր, Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը իրականացնում է ստորագրահավաք՝ Երևանի  Նոր Նորք վարչական շրջանի՝ Տիգրան Մեծի, Ավան վարչական շրջանի՝ Ընտանեկան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Շատրվանների, զբոսայգիներում՝ Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով։ Նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է Երևանի բոլոր վարչական շրջանների մեծ զբոսայգիներում, նախատեսվում են հանրային քննարկումներ, իրականացվելու է նաև առցանց հարթակում:

«Այս գործընթացը կշարունակվի մինչև կիրակի օրը՝ մարդաշատ վայրերում, այգիներում, հետո, որոշ ժամանակ, նաև առցանց հարթակում։ Ֆիքսված թիվ սահմանված չէ, թե ինչ թվով ստորագրությունների պարագայում է քաղաքապետարանը նման դիմումները դիտարկում, սակայն օրենքը պահանջում է նաև հանրային քննարկումներ անցկացնել, և դրանք կիրականացվեն բացօթյա, ազատ բոլորի համար, որպեսզի մեր համաքաղաքացիները կարողանան իրենց կարծիքը հայտնել», – լրագրողների հետ զրույցում գործընթացի մանրամասները ներկայացրեց ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, նշելով, որ  ստորագրահավաքի ամփոփումից հետո,  դիմելու են Երևանի քաղաքապետարան՝ գործընթացն ամբողջությամբ կատարելու և նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

Պատգամավորն ընդգծեց, որ գործող իշխանությունները վախվորած կեցվածք ցուցաբերելով՝ խուսափում են Շուշին ու Արցախի մյուս տարածքները օկուպացված անվանել․«Մենք ուզում ենք այս խունտային ևս մեկ անգամ ցույց տալ, որ իրենք փոքրամասնություն են, իրենք չեն արտահայտում ժողովրդի իրական կարծիքը մեր հայրենիքի վերաբերյալ։ Որովհետև, եթե նրանց համար մեր հայրենիքի կորուստը իրենց պարագլխի ապիկար և որոշ դեպքերում՝ դավաճանական գործունեության պատճառով նորմալ է, ապա մեզ համար դա նորմալ չէ, և դրա հետ հաշտվելու պլաններ մենք չունենք», – հավելեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում