Ռուսաստանը կրկին «լոլիկի պատերազմ» է հայտարարում Թուրքիային

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 20-ին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ «չի ճանաչում» Ղրիմում կայացած Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքները, քանի որ Անկարան անօրինական է համարում թերակղզու միացումը Ռուսաստանին: Սա, ինչպես արդեն գրել էինք, «մեծապես վշտացրել է» Ռուսաստանի ԱԳՆ-ին և Ղրիմի Հանրապետության իշխանություններին: Սակայն Ռուսաստանի Դաշնության բարձրագույն իշխանություններն այդ ժամանակ «լռում էին»: Այնուհետև, սեպտեմբերի 22 -ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին և երբեք չի ճանաչի «Ղրիմի անեքսիան»:

Ըստ ամենայնի, «եղբայր Էրդողանի» այս հայտարարությունն արդեն նյարդայնացրել է Ռուսաստանի բարձրագույն իշխանություններին. չենք ստանձնում ասել, թե կոնկրետ ում, բայց կասկածում ենք՝ անձամբ Վլադիմիր Պուտինին: Նա հստակ «չի գնահատել Էրդողանի անկեղծությունը» Ղրիմի հարցում: Իսկ սեպտեմբերի 24-ին Մոսկվան թուրքերին «պատասխանել է»: Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը») Թուրքիայից բերված մրգերի մեջ հայտնաբերել է շագանակագույն մոնիլիոզական փտածք (Moniliniafructicola), իսկ լոլիկի մեջ`դարչնագույն կնճիռների վիրուս: Այս մասին նշվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է РБК-ի ինտերնետային ռեսուրսը: «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները բանջարեղենի և մրգերի մատակարարման հարցը քննարկել են Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարության աշխատակիցների հետ սեպտեմբերի 23-ին տեսակոնֆերանսի ժամանակ: Ռուսական կողմը խնդրել է ուժեղացնել բուսասանիտարական հսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ և հիշեցրել, որ թուրքական լոլիկում հայտնաբերված շագանակագույն կնճիռների վիրուսը կարանտինային հիվանդություն է Ռուսաստանի համար:

«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ դեռևս արձանագրում է Թուրքիայից բանջարեղենի և մրգերի թունաքիմիկատների բարձր մակարդակ: Այդ հաստատության տվյալներով՝ 2021 թվականին ներմուծված արտադրանքի մեջ հայտնաբերվել է «թունաքիմիկատների և ագրոքիմիական նյութերի մնացորդային քանակի պարունակության հիգիենիկ չափանիշների գերազանցման» 79 դեպք: «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները նաև հայտարարել են ԳՄՕ արտադրանքի նկատմամբ վերահսկողության ուժեղացման և գենետիկորեն ձևափոխված բույսերի մշակման հետ կապված թուրքական օրենսդրության ուսումնասիրության մտադրության մասին:

Թուրքիայի ներկայացուցիչներն արձագանքել են՝ ասելով, որ իրենք «ուշադիր են ռուսական արտահանման պահանջների կատարման նկատմամբ» և կանեն ամեն ինչ, որպեսզի կանխեն վտանգավոր արտադրանքի արտահանումը Ռուսաստան: РБК-ն նշում է, որ աղտոտված թուրքական լոլիկի մասին տեղեկությունները հայտնվել են Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ: Սպասվում է, որ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը բանակցություններ կանցկացնեն Սոչիում 2021 թվականի սեպտեմբերի 29-ին: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ բանակցությունների թեման կլինեն Սիրիայում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունները, իսկ հանդիպման արդյունքներով «կարևոր որոշումներ» կկայացվեն:

Կրեմլը չի պատասխանել Էրդողանի այս դիտողությանը, սակայն մենք գիտենք, որ Իրանը, Սիրիայի ԱԳՆ-ը, ինչպես նաև արաբական երկրների տասնյակ տարբեր կազմակերպություններ, պահանջում էին անհապաղ դադարեցնել Հյուսիսային Սիրիայի և, մասնավորապես, Մեծ Իդլիբի շրջանի օկուպացիան: Հայտնի է նաև, որ Ռուսաստանի ԱԳՆ-ը ևս մեկ անգամ առաջարկել է բոլոր այն երկրներին, որոնց զորքերը գտնվում են Սիրիայում, առանց Սիրիայի օրինական իշխանությունների հրավերի, իրենց զորքը դուրս բերել այս երկրից, և այդ առաջարկը լիովին վերաբերում է նաև Թուրքիային: Իսկ հիմա` հերթական «լոլիկի պատերազմի» հայտարարումը Թուրքիային «Ռոսսելխոզնադզորի» կողմից: Վստահ ենք, որ երբ Պուտինն ու Էրդողանը հանդիպեն, այն հարցերի շրջանակը, որը նրանք կքննարկեն Սոչիում, ակնհայտորեն չի սահմանափակվի Սիրիայով և երկկողմ հարաբերություններով: Ղրիմի և Ռուսաստանի ներքին գործերին Թուրքիայի միջամտության հարցը, անշուշտ, քննարկվելու է, իսկ ներքին ընտրությունները (Պետդումա) ճանաչելու կամ չճանաչելու հարցը՝ դա ներքին գործերին միջամտելն է: Իհարկե, պետք է ակնկալել, որ Ռուսաստանը Թուրքիայից կպահանջի չմիջամտել Կենտրոնական Ասիայի գործերին, այսինքն. Պուտինը Էրդողանին խորհուրդ կտա քիթը չխոթել Աֆղանստան: Չի բացառվում, որ «սուլթանը» բացասական բան լսի նաև Արցախի հարցում և, այս առումով, Թուրքիայի և «կովկասի-թաթարստանի» կողմից Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ հնգակողմ Կոնվենցիայի կոպիտ խախտման վերաբերյալ՝ Կասպից ծովում Թուրքիայի և Ալիևի ռեժիմի վերջին ռազմածովային զորավարժությունների ժամանակ: Մենք նաև վստահություն ենք հայտնում, որ ներկայիս «լոլիկի պատերազմը» Ռուսաստանի և Թուրքիայի միջև հանդիսանում է Ռուսաստանի և Ալիևի ռեժիմի միջև սկսված «առևտրային պատերազմի» անբաժանելի մասը, որի մասին տեղեկացրել ենք մեր ընթերցողներին սեպտեմբերի 23-ին:

Սերգեյ Շաքարյանց