Թալիբները ձերբակալել են Աֆղանստանում առաջին կին նահանգապետերից մեկին
Թալիբները ձերբակալել են Աֆղանստանում առաջին կին նահանգապետերից մեկին` Սալիմա Մազարին, ով զենք էր բարձրացրել թալիբների դեմ, հայտնում է Times of India-ն՝ վկայակոչելով աֆղանական լրատվամիջոցները: Նրա ներկայիս կարգավիճակի մասին ոչինչ հայտնի չէ:
Սալիմա Մազարին Աֆղանստանի երեք կին նահանգապետերից մեկն է: Մինչ Աֆղանստանի շատ նահանգներ գրեթե առանց պայքարի անցան թալիբների ձեռքը, Սալիման ամեն ինչ արեց` Բալխ նահանգի շրջան Չահար Կինտը պաշտպանելու համար: Մինչև աշուն Չահար Կինտը միակ մարզն էր, որը գտնվում էր կնոջ վերահսկողության տակ, որն այս տարածաշրջանում չէր ընկել ահաբեկչական խմբավորումների ձեռքը: Մազարին հավաքել և պատրաստել էր իր սեփական աշխարհազորայիններին` թալիբների դեմ պայքարելու համար:
Մազարին ծնվել է Իրանում: Նրա ընտանիքը 1970-ականներին փախել էր Աֆղանստանից: Ավարտել է Թեհրանի համալսարանը, այնուհետև աշխատել համալսարաններում: 2018-ին նա դիմել էր Չահար Կինտ շրջանի նահանգապետի պաշտոնի համար:
Մազարին, ով հայտնի է իր հակաթալիբանական ձայնով, ավելի վաղ հայտարարել էր, որ կանանց համար տեղ չի լինի, եթե թալիբները վերահսկեն երկիրը: «Թալիբանի վերահսկողության տակ գտնվող նահանգներում այլևս կանայք չկան, նույնիսկ քաղաքներում: Նրանք բոլորը բանտարկված են իրենց տներում»,- ասել էր նա:
Մազարը հազարիների համայնքի անդամ է, որոնց մեծ մասը շիա մահմեդականներ են, որոնք սուննի թալիբների կողմից հերետիկոսական աղանդ են համարվում: Նրանք պարբերաբար թալիբների զոհն էին դառնում:
Տեղական հաղորդումների համաձայն` բոլոր երեք աֆղան կին նահանգապետերը ձերբակալվել են:

