Դարձյալ մեծ պայթյուն հայկական սփյուռքի գաղթօջախներից մեկում` Լիբանանում

Դարձյալ մեծ պայթյուն հայկական սփյուռքի գաղթօջախներից մեկում` Լիբանանում, որը դեռ չի կարողացել ամոքել մայրաքաղաք Բեյրութում անցյալ տարվա օգոստոսի 4-ին տեղի ունեցած ահավոր պայթյուևի վերքերը, դարձյալ մեծաթիվ զոհեր ու վիրավորներ:

Պայթյունը տեղի է ունեցել Լիբանանի հյուսիսում գտնվող Աքքար շրջանում: Տեղեկությունները պայթյունի պատճառների, զոհերի ու վիրավորների քանակի վերաբերյալ թեև այժմ դեռ հակասական են, սակայն կասկածից դուրս է, որ բարեկամ երկրում մեծ դժբախտություն է տեղի ունեցել, որով, ցավոք, սկիզբն է դրվում նաև ներքաղաքական հերթական ու լուրջ ցնցումների:

Ըստ լիբանանյան մեր աղբյուրի, հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Նախնական որոշ տեղեկությունների համաձայն, պայթյունի վայրում շուրջ 200 հոգի է եղել, զոհերի քանակը հասել է 28-ի, վիրավորներինը` 79-ի: Տեղեկություններն այնքան խառն ու հակասական են, որ նույնիսկ կարելի է կարծել, թե երկու պայթյուն է եղել, որովհետև օտարերկրյա տարբեր ԶԼՄ-ների հրապարակումներում նշվում է և՛ գազատար տանկերի (հեղուկանավի), և՛ վառելիքի բաքի պայթյունի մասին, վառելիքի վերաբերյալ էլ և մազութ է նշվում, և բենզին: Հավանաբար ոչ թե տանկեր, այլ վառելիքի բաք է պայթել: Տարբեր են նաև պայթյունի ներկայացվող պատճառները` փոխհրաձգության ժամանակ գնդակն է բաքին կպել, կրակայրիչից հրդեհ, պայթյուն…

Վստահ եմ, որ նոր տեղեկություններն առաջիկայում վերջ կտան վերոնշյալ հակասություններին ու կներկայացնեն, թե ինչ և ինչի հետևանքով է կատարվել:

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին պայթյունի մեջ մեղադրել է երկրի ղեկավարությանը և երկրի նախագահ Միշել Աունին խորհուրդ է տվել հրաժարական ներկայացնել:

«Աքքարում տեղի ունեցած միջադեպը ոչնչով չի տարբերվում նախորդ տարի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից», – գրել է նա այսօր Twitter- ի իր էջում:- Այն երկրում, որտեղ հարգանք կա, մարդու նկատմամբ, անփութության համար բոլոր պատասխանատուները` նախագահից մինչև վերջին պաշտոնյան, հրաժարական կտային: Համբերության բաժակը լցվում է: Լիբանանցիների կյանքն ու անվտանգությունը գերակա առաջնահերթություն են»:

Հիշենք, որ անցյալ տարի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 218 հոգի, տուժել 6500-ը, ավելի քան 300 000 մարդ մնացել էր անօթևան: