Ընդդիմության բացած Օվերտոնի պատուհանը

Չնկատեցինք, սակայն «Հայաստան» դաշինքի գալա-֊ասուլիսի ժամանակ անչափ կարևոր մի միտք երկու անգամ հնչեց։

Որպես Օվերտոնի պատուհա՞ն։

Կարծե՛ս: Չնայած հանգամանքին, որ ՍԴ-ը դեռ չի կայացրել իր որոշումն այս ընտրությունների մասով (կարծում եմ՝ որևէ մեկն այլ սպասում չունի), այնուհանդերձ, միտքը ոտնատեղ բացեց:

Օվերտոնի պատուհանը հետևյալն էր. հաջորդ արտահերթ ընտրությունները կլինեն մեկուկես տարի հետո… Միտքը հնչեցրեց նախ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (հիշենք՝ այս ընտրություններին մասնակցելու հայտը նույնպես ինքն էր ներկայացրել, եթե անգամ դրանք լինեին Փաշինյանի ԺՊ վարչապետությամբ. հավելմամբ՝ կրելու ենք)։

Ասել է` պետք է լուրջ վերաբերվել երկրորդ նախագահի մտքարտադրությանը, չնայած հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքը դեռ չի ասել նաև, որ վերցնելու է այս արտահերթի մանդատները, մտնի նոր պառլամենտ։

Անցնելով առաջ՝ արձանագրենք, որ ասուլիսի ընթացքում արտահերթ նոր ընտրությունների միտքը երկրորդեց դաշինքի հաջորդ լիդեր Վահե Հակոբյանը։ Ինչը հենց այնպես լինել չէր կարող:

Այսպիսով՝ դուք ասացիք։ Ինչո՞ւ։

Կարո՞ղ ենք հասկանալ․ այդքան ժամանակ է տրվել Նիկոլ Փաշինյանին` խաղաղության պայմանագիրը աշխարհի «սեղանին» դնելու համար` Ռուսաստանի կողմից: Ով ինչպես, այնուհանդերձ, այս հարցում Աքիլլան չէր կարող վրիպել, հենց այնպես մտքեր արտաբերել` սպասվող մոսկովյան հանդիպման ֆոնին: Ու այսօր կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպումը վկայում է, որ «աշխարհը շտապում է, իջնող կա». Պետդումայի ընտրություններին բան չի մնացել, վերադասավորվելը տարածաշրջանում կենսական խնդիր է:

Ընդ որում, այսօր քննարկվելիք և ստորագրվելիք փաստաթուղթը, ըստ ամենայնի, պատասխան կտա բոլոր հարցերին, այդ թվում, կարծում ենք, Սյունիքի միջանցքին, նրա վերահսկողությանն առնչվող, և նույնիսկ անկլավներին վերաբերող հարցերը, ըստ ամենայնի կքննարկվեն, կբանաձևվեն. այլ հարց է, թե դրանց որ մասը կբարձրաձայնվի…

Կարծում ենք նաև` ընդդիմության Օվերտոնի պատուհանի բացվածքը այս ամենը Մոսկվա մեկնող Նիկոլ Փ-ին ցուցանելն էր. ասել է` հանկարծ մտքովդ չանցնի խաղեր տալ, խաղ չիք, սպասել Մակրոնի ու Բայդենի տված խոստումներին` Ղարաբաղի կարգավիճակի մասով. մայր-Ռուսաստանին պետք` ամենը և հիմա: Այսօ՛ր:

Այսպիսով, մայր-Ռուսաստանն առաջ է շարժվում անշեղ ու անվրեպ, արդեն ասել ենք. նա Հայաստանում արդեն իսկ երեք ու կես ռազմաբազա ունի (102-րդ, Սյունիքում, Արցախում, Էրեբունի օդանավակայանում):

Իսկ Հայաստանում նույն ընդդիմության կողմից արդեն իսկ բացվում է նոր Օվերտոնը. այնտեղ չեն երկչնոււմ այլևս բարձրաձայնել` Հայաստանը վեր է ածվում Ռուսաստանի պրոտեկտորատի…

Ու թե այս ամենին հավելում ենք «Հայաստան» դաշինքի երբեմնի հիշողությունը, որ «Շուշին պետք է վերադարձվի», իսկ Շուշի այցելած Էրդողանն ու Ալիևը ռազմաբազա դնելու պլան են մշակում, ստացվում է` ՆԱՏՕ-ն մտնում է տարածաշրջան. ինչ է մտածում այդ մասին Ռուսաստանը, դեռ որևէ կերպ ոչ Օվերտոն, ոչ էլ հստակ մոտեցում է հանդես բերել, բայց շտապելու այս տեմպերը վկայում են` մայր-Ռուսը անհանգիստ է: Մանավանդ որ նույն արագ տեմպերով` ՆԱՏՕ-ին զուգահեռ տարածաշրջան է մտնում Չինաստանը:

Դառնալով առաջին հայացքից հականե-հանվանե թվացող «Հայաստան» դաշինք Օվերտոնի պատուհանին, նշենք նաև, որ այն ազդանշանային էր նաև Նիկոլ Փ-ին` մեկ ու կես տարի հետո այս հարցերը լուծված կլինեն, և դու… արտահերթ ընտրություններով… կհեռանաս. քանզի օգտագործված գործիքները միշտ էլ նետվում են համապատասխան արկղը:

Այլ կերպ չի կարող լինել:

Կարծում ենք` կարևորագույն մեսիջներից մեկն էլ սա էր:

Կարմեն Դավթյան