Շուրջ 8 ամիս անց մենք չունենք հայ ռազմագերիների առնչությամբ պաշտոնականացված թվեր․ Սիրանուշ Սահակյան

Վերջին վերադարձման գործընթացը բացահայտեց մեկ այլ երևույթ, որ մեր ռազմագերիները ոչ միայն պարզապես ռազմագերիներ են, այլև՝ պատանդներ են, քանի որ Բաքուն նրանց պահում է որոշակի քաղաքական պահանջների դիմաց և դարձնում քաղաքական առևտրի մաս։ Այս մասին ռազմագերիների հարցով քննարկմանն ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Իհարկե, ականազերծման աշխատանքները մարդասիրական տեսանկյունից շատ կարևոր են և կարծում եմ, որ դրանց կարևորությունը գիտակցում է ՀՀ–ն և միշտ կառուցողական է գտնվել այս հարցերում, պարզապես Բաքուն դարձյալ շանտաժի լեզվով է խոսում»,-ասաց նա և նշեց, որ ականազերծումը միլիոնավոր դոլարներ է արժենալու Բաքվի համար, տևական ժամանակ է պահանջվելու, դրա համար նրանք առաջարկում են քարտեզների փոխանակում ռազմագերիների հետ։

«Իմ անձնական կարծիքն է, որ տարածքները հանձնելուց հետո այդ քարտեզները մեծ կարևորություն չունեն հայկական կողմի համար, և մենք երբեք չենք առաջնորդվել Ադդրբեջանի անմեղ զոհերով ոգևորվելու հոգեբանությամբ»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան՝ գերիների վերադարձը Բաքվի պարտականությունն է։

Սիրանուշ Սահակյանի խոսքով Հայաստանի կողմից իրավական գործընթացների տեսանկյունից լուրջ ջանքեր են գործադրվել: Խոսելով այդ առնչությամբ կառավարության ջանքերի մասին՝ Սահակյանը ասաց, որ իրավական պրոցեսները որոշակի չափով զսպաշապիկ են քաղաքական գործընթացներում։

«Բոլոր դեպքում ես չեմ կարծում, որ Բաքվի հանցագործությունների քաղաքական արձագանքը պատշաճ է, շուրջ 8 ամիս անց մենք չունենք պաշտոնականացված թվեր հայ ռազմագերիների առնչությամբ»,-ասաց նա։