Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի» վերաբերյալ հայտարարությունը մտահոգիչ է Իրանի համար․ իրանցի քաղաքական վերլուծաբան

«Առողջ տնտեսություն» վերլուծական կայքին տված հարցազրույցում, Կովկասագիտության հիմնադրամի տնօրենն ասել է. «Հայաստանի հարավում, Իրանի հետ սահմանակից տարածքներում Ադրբեջանի բանակի տեղակայումը, մտահոգություններ է առաջացրել՝ Իրանի ազգային շահերին սպառնացող վտանգի վերաբերյալ»: Այս մասին գրել է Parstoday-ը։

Հարցին, որ Ադրբեջանի այն պնդումը, թե Զանգեզուրը  պատկանում է այդ երկրին, իրականություն դառնա, ինչ ազդեցություն կունենա դա Իրանի ազգային շահերի վրա, Ջաֆար Խաշեն ասել է. «Եթե ​​Ադրբեջանի այս հայտարարությունն իրականություն դառնա, Հայաստանի հետ Իրանի ցամաքային սահմանը կդադարի գործել, ինչը կսպառնա մեր ազգային շահերին և անվտանգությանը: Այլ կերպ ասած, Հայաստանի հետ մեր ցամաքային կապերը խզելուց բացի, տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները նույնպես խիստ թուլանալու են»:

Նա հավելել է. «Մյուս խնդիրն անվտանգությունն է: Սա նշանակում է, որ Իրանի հեռավոր ու մոտիկ թշնամիները, հատկապես իսրայելական ռեժիմը, որը նույնպես լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի  հետ, կկարողանան այսպիսով խնդիրներ ստեղծել Իրանի համար: Չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի  տարածքային ամբողջականության նկատմամբ Իրանի անվերապահ աջակցությանը, ադրբեջանական կողմը անշնորհակալությամբ է պատասխանում Թեհրանին»: