Թուրքական գործոնը քրդական ճգնաժամում. Անկարայի մարտահրավերները, հնարավորություններն ու գործիքակազմը

«Այլընտրանքային նախագծեր խումբը» շարունակում է ներկայացնել քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի հոդվածաշարը․

«Իրաքյան Քրդստանում ծավալվող համակարգային ճգնաժամը Թուրքիայի համար ստեղծել է մի իրավիճակ, որում անվտանգային ռիսկերն ու աշխարհաքաղաքական նոր հնարավորությունները սերտորեն միահյուսված են։ Անկարան այս գործընթացները դիտարկում է ոչ թե որպես հարևան երկրի ներքին վարչական խնդիր, այլ որպես Հյուսիսային Իրաքում սեփական տնտեսական, էներգետիկ և ռազմական վերահսկողությունն ամրապնդելու, ինչպես նաև իրանական ազդեցությունը զսպելու վճռորոշ հնարավորություն։

Անկարայի գնահատմամբ՝ Իրաքյան Քրդստանի ճգնաժամը մի շարք լուրջ անվտանգային և տնտեսական ռիսկեր է պարունակում։ Առաջին հերթին՝ ինքնավարության հնարավոր մասնատման և Սուլեյմանիայի գոտու՝ ամբողջությամբ իրանական վերահսկողության տակ անցնելու վտանգը։ KDP–PUK պառակտման խորացումն ու Բաֆել Թալաբանիի կողմից առանձին վարչակազմ ստեղծելու սպառնալիքները Թուրքիայում դիտարկվում են որպես այդ վտանգի իրականացմանը նպաստող զարգացումներ, քանի որ կարող են Իրանի ազդեցության գոտին անմիջականորեն մոտեցնել թուրքական սահմաններին։ Երկրորդ մարտահրավերը անվտանգային վակուումի առաջացումն է։ 2026 թվականի սեպտեմբերին ամերիկյան ուժերի դուրսբերումը և ներքին քաղաքական փակուղին կարող են Հյուսիսային Իրաքում ստեղծել կառավարման գորշ գոտիներ՝ վտանգելով 2026 թվականի ընթացքում Անկարայի և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) միջև մեկնարկած զինաթափման ու խաղաղության գործընթացը։ Երրորդ մարտահրավերը տնտեսական է։ Իրաքյան Քրդստանում խորացող էներգետիկ և ֆինանսական ճգնաժամը հարվածում է թուրքական արտահանմանը և շինարարական ընկերությունների շահերին, որոնց համար Հյուսիսային Իրաքը տարածաշրջանային կարևորագույն շուկա է։

Այդուհանդերձ, ձևավորված նոր իրողությունները Թուրքիայի առջև բացում են նաև աշխարհաքաղաքական և տնտեսական լայն հնարավորություններ։ Անկարան հստակ արձանագրում է, որ ամերիկյան նահանջը, Բաղդադ-Էրբիլ հակասությունները և Խոր Մորի հանքավայրի աշխատանքի խափանման հետևանքով առաջացած էներգետիկ սուր ճգնաժամը Էրբիլին զրկել են այլընտրանքային գործընկերներից՝ նրան դնելով Թուրքիայից կառուցվածքային կախվածության մեջ։ Բացի այդ, 2026 թվականի պատերազմի և Հորմուզի նեղուցի շրջափակման պայմաններում Պարսից ծոցով իրաքյան նավթի արտահանման կտրուկ սահմանափակումը մեծացրել է Քիրքուք–Ջեյհան խողովակաշարի ռազմավարական արժեքը՝ այդպիսով Թուրքիային դարձնելով Իրաքի էներգետիկ արտահանման գլխավոր դարպասը։

Իրաքյան Քրդստանում իր դիրքերն ամրապնդելու և ստեղծված իրավիճակից բխող ռիսկերը կառավարելու նպատակով Անկարան կարող է համադրել քաղաքական, տնտեսական, էներգետիկ ու ռազմական լծակները՝ դրանք կիրառելով չորս հիմնական ուղղություններով․

Առաջին՝ էներգետիկ խողովակաշարի օգտագործումը որպես դիվանագիտական լծակ։ 2026 թվականի օգոստոսին Բաղդադի հետ կնքված Քիրքուք-Ջեյհան խողովակաշարի շահագործման մեկամյա ժամանակավոր համաձայնագիրը, որի թողունակությունը օրական մինչև 750 հազար բարել է, Անկարային հնարավորություն է տալիս տարանցման պայմաններն ու ժամկետները կիրառել որպես լծակ՝ թե՛ Բաղդադից, թե՛ Էրբիլից քաղաքական, անվտանգային և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում զիջումներ ստանալու համար։

Երկրորդ՝ Իրաքյան Քրդստանի էներգետիկ ցանցի ինտեգրումը թուրքական համակարգին։ Օգտվելով Խոր Մորի հանքավայրի խափանումից և Բաղդադի կողմից կերոսինի մատակարարումների կրճատումից՝ Թուրքիան առաջ է մղում էլեկտրաէներգիայի և գազի փոխադարձ մատակարարման ենթակառուցվածքների ընդլայնման ծրագրերը՝ ինքնավարության էներգամատակարարման համակարգը թուրքական ցանցին ինտեգրելու և դրանով իսկ Թեհրանի ու Բաղդադի ազդեցության լծակները նվազեցնելու նպատակով։

Երրորդ՝ ներքին քրդական ուժային հավասարակշռության ուղղորդում։ Անկարան շարունակելու է քաղաքական և տնտեսական աջակցություն ցուցաբերել Էրբիլում իշխող Բարզանի ընտանիքին՝ որպես կանխատեսելի գործընկերոջ, և միաժամանակ տնտեսական ու ավիացիոն սահմանափակումների սպառնալիքով փորձելու է զսպել PUK-ի անջատողական քայլերը Սուլեյմանիայում։

Չորրորդ՝ ռազմական ներկայության ընդլայնում և սահմանային անվտանգային գոտու ամրապնդում։ Ամերիկյան ՀՕՊ համակարգերի դուրսբերումից և իրանամետ խմբավորումների հարվածներից հետո առաջացած պաշտպանական վակուումը Անկարան փորձելու է օգտագործել որպես հիմնավորում՝ Հյուսիսային Իրաքում իր ռազմաբազաները պահպանելու և ընդլայնելու, ինչպես նաև PKK-ի զինաթափման գործընթացը սեփական պայմաններով վերահսկելու համար:

Իսրայելական գործոնը քրդական ճգնաժամում. Թել Ավիվի մարտահրավերները, հնարավորություններն ու գործիքակազմը

Իսրայելի մոտեցումն Իրաքյան Քրդստանում ծավալվող ճգնաժամին արմատապես տարբերվում է Իրանի և Թուրքիայի մոտեցումներից, որոնք բնութագրվում են բացահայտ ներգրավվածությամբ։ Չունենալով Էրբիլի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ (Իրաքի դաշնային օրենսդրությունը քրեականացնում է Իսրայելի հետ որևէ շփում)՝ Թել Ավիվը տարածաշրջանը հիմնականում դիտարկում է Իրանի դեմ ռազմավարական զսպման և հետախուզական գործողությունների խորապատկերում։

Ստեղծված իրավիճակը Թել Ավիվի համար առաջին հերթին կապված է տարածաշրջանային կարևոր հենակետի թուլացման վտանգի հետ։ Իրաքյան Քրդստանի ներքին կառավարչական պառակտումը, տնտեսական հյուծումը և 2026 թվականի սեպտեմբերին ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի դուրսբերումը Էրբիլին դարձրել են խիստ խոցելի Իրանի և իրանամետ իրաքյան խմբավորումների հարվածների նկատմամբ։ Թել Ավիվում մտավախություն ունեն, որ Թեհրանի շարունակական ռազմական ու էներգետիկ ճնշումը կարող է քրդական ղեկավարությանը մղել Թեհրանի և Բաղդադի հետ գործարքի։ Նման գործարքը կարող է ամբողջությամբ փակել Իրանի արևմտյան սահմանների ուղղությամբ գործող հետախուզական ու օպերատիվ հնարավորությունները։ Երկրորդ մարտահրավերը PUK-ի անջատողական քայլերն են Սուլեյմանիայում։ Ինքնավարության արևելյան հատվածում իրանական ազդեցության խորացումը Իսրայելի համար նշանակում է Հյուսիսային Իրաքում իրանական հետախուզության և պրոքսի ուժերի օպերատիվ խորության ընդլայնում։

Սակայն ռիսկերին զուգահեռ՝ այս ճգնաժամը Իսրայելին ընձեռում է նաև Իրանի վրա անուղղակի ճնշում գործադրելու նոր լծակներ։ 2026 թվականի փետրվարից շարունակվող Իրան–ԱՄՆ/Իսրայել ռազմական առճակատման խորապատկերում Թել Ավիվը արձանագրում է, որ Թեհրանի ուշադրության և ռազմական ռեսուրսների կենտրոնացումը արևմտյան՝ քրդական ուղղությամբ նվազեցնում է Իրանի՝ այլ ճակատներում գործելու օպերատիվ հնարավորությունները։ Բացի այդ, Իրաքյան Քրդստանում ապաստանած իրանական քրդական ընդդիմադիր կազմակերպությունների միացյալ կոալիցիայում համախմբվելը Թել Ավիվին հնարավորություն է տալիս պահպանել անուղղակի ճնշման լծակներ՝ Իրանի արևմտյան շրջաններում ներքին լարվածություն առաջացնելու և Թեհրանի սահմանային անվտանգությունը մշտական սպառնալիքի տակ պահելու համար։

Էրբիլին ցուցաբերվող որևէ բացահայտ աջակցություն կարող է վարկաբեկել KDP-ին Բաղդադում և լրացուցիչ առիթ տալ իրանամետ խմբավորումներին՝ նոր հրթիռային հարվածներ հասցնելու Քրդստանին։ Հետևաբար, առաջիկայում Իսրայելի գործիքակազմը հավանաբար կկառուցվի հրապարակային լռության և ստվերային աջակցության համադրությամբ՝ երեք հիմնական ուղղություններով:

Առաջին՝ ոչ հրապարակային հետախուզական և տեխնոլոգիական աջակցություն։ Քանի որ Իսրայելը չի կարող բացահայտորեն տեղակայել սեփական ՀՕՊ համակարգերը Իրաքյան Քրդստանում, Թել Ավիվը շեշտը կդնի հետախուզական տվյալների փոխանակման, արբանյակային դիտարկման և վաղ նախազգուշացման համակարգերի կիրառման վրա՝ այդ կերպ տեղեկատվական աջակցություն ցուցաբերելով Էրբիլի անվտանգային կառույցներին։

Երկրորդ՝ իրանական քրդական ընդդիմադիր խմբավորումների կարողությունների պահպանում։ Իսրայելը շարունակելու է աջակցել իրանական քրդական զինված կազմակերպություններին՝ դրանք դիտարկելով որպես ասիմետրիկ զսպման գործիք, որը թույլ է տալիս առանց իսրայելական ցամաքային ուժերի ներգրավման մշտական լարվածության մեջ պահել Իրանի արևմտյան շրջանները։

Երրորդ՝ Իրանի տարածքում հրթիռային և ԱԹՍ համակարգերի արձակման հենակետերի կանխարգելիչ թուլացում։ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Իրանի արևմտյան շրջանների ռազմական և հակաօդային ենթակառուցվածքների հնարավոր պարբերական թիրախավորումը կարող է ծառայել երկակի նպատակի՝ մի կողմից նվազեցնելով Իրանի հրթիռային ու ԱԹՍ հնարավորությունները Իսրայելի դեմ, մյուս կողմից՝ թուլացնելով Թեհրանի օպերատիվ ճնշումը տարածաշրջանային գործընկերների, այդ թվում՝ Իրաքյան Քրդստանի վրա։

Հանգուցալուծման հնարավոր սցենարները և դրանց ռազմավարական անդրադարձը Հայաստանի վրա

Իրաքյան Քրդստանում ձևավորված համակարգային ճգնաժամի հանգուցալուծումն առաջիկա ամիսներին կարող է ընթանալ երեք հիմնական սցենարով, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է ուժային հավասարակշռության որոշակի վերադասավորում տարածաշրջանում։

Առաջին սցենար՝ փաստացի երկիշխանության խորացում և արտաքին հովանավորչության ամրապնդում։ Եթե KDP-ն և PUK-ը չկարողանան հաղթահարել կառավարչական փակուղին, Իրաքյան Քրդստանը կարող է վերադառնալ 1990-ականների վարչատարածքային բաժանման մոդելին։ Այս սցենարով Սուլեյմանիայի գոտին կամրապնդի իր կապերը Թեհրանի հետ, իսկ Էրբիլը կտրուկ կմեծացնի Թուրքիայից իր կախվածությունը տնտեսական, էներգետիկ և անվտանգային ոլորտներում։ Այսպիսով, ինքնավարությունը փաստացի կբաժանվի տարածաշրջանային ուժերի ազդեցության գոտիների։

Երկրորդ սցենար՝ Բաղդադի կողմից ինքնավարության կառուցակարգային թուլացում։ Օգտվելով քրդական էլիտաների ներքին պառակտումից ու ամերիկյան ուժերի հեռացումից և կիրառելով ֆինանսական ու իրավական լծակներ՝ Իրաքի դաշնային կառավարությունը կարող է դատական և բյուջետային որոշումների միջոցով հետևողականորեն սահմանափակել Էրբիլի տնտեսական ու վարչական ինքնուրույնությունը՝ Իրաքյան Քրդստանը փաստացի վերածելով կենտրոնական իշխանությանն ուղղակիորեն ենթակա վարչական միավորների։

Երրորդ սցենար՝ տարածաշրջանային լայնածավալ ռազմական բախումների թատերաբեմի վերածում։ Իրան–ԱՄՆ/Իսրայել ռազմական առճակատման նոր փուլի պարագայում Հյուսիսային Իրաքը կարող է հայտնվել բազմակողմ հարվածների և ցամաքային գործողությունների կիզակետում՝ առաջացնելով հումանիտար ծանր ճգնաժամ և ստեղծելով նախադրյալներ տարածաշրջանում թուրքական ռազմական ներկայության է՛լ ավելի ընդլայնման համար։

Այս գործընթացներն ու հնարավոր զարգացումները Հայաստանի համար ունեն ոչ թե տեսական, այլ շոշափելի ռազմավարական նշանակություն՝ ազդելով թե՛ տարածաշրջանային անվտանգության միջավայրի, թե՛ Երևանի մերձավորարևելյան դիվանագիտական ու տնտեսական նախաձեռնությունների վրա։ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացների փոխկապակցվածության խորապատկերում Իրաքյան Քրդստանի ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա կարող է դրսևորվել չորս առանցքային հարթություններում․

Առաջին՝ Իրանի ռազմավարական ռեսուրսների վերաբաշխումը և Հայաստանի հարավային սահմանի անվտանգային ռիսկերը։ Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակություն ունեն Իրանի ներքին կայունությունը և Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Սյունիքի ու տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում, Թեհրանի հավասարակշռող դերը։ Իրաքյան Քրդստանի ուղղությամբ ձևավորվող անվտանգային մարտահրավերները և Իրանի արևմտյան շրջաններում քրդական խմբավորումների հնարավոր ակտիվացումը կարող են ստիպել Թեհրանին իր ռազմական, հետախուզական ու դիվանագիտական ռեսուրսների զգալի մասը կենտրոնացնել արևմտյան ճակատում։ Սա օբյեկտիվորեն կնվազեցնի Իրանի օպերատիվ ճկունությունը հյուսիսային՝ հարավկովկասյան ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, արտաքին դերակատարների կողմից քրդական գործոնի օգտագործումը՝ Իրանի ներսում անկայունություն հրահրելու նպատակով, լուրջ ռիսկեր է ստեղծում Հայաստանի միակ հուսալի հարավային ցամաքային ելքի անվտանգության համար։

Երկրորդ՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական կշռի մեծացումն ու էներգետիկ լծակների ընդլայնումը։ Հորմուզի նեղուցով նավագնացության սահմանափակումների պայմաններում Քիրքուք-Ջեյհան խողովակաշարի նշանակության աճը և Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական ու տնտեսական դիրքերի ամրապնդումը մեծացնում են Անկարայի տարածաշրջանային դերակատարումն ու էներգետիկ ազդեցությունը։ Մերձավորարևելյան էներգետիկ և տարանցիկ հոսքերի նկատմամբ վերահսկողության խորացումը Թուրքիայի առջև բացում է լրացուցիչ ռազմավարական հնարավորություններ և ընդլայնում նրա գործիքակազմը՝ Հարավային Կովկասում սեփական օրակարգն ու հաղորդակցային պահանջներն առաջ մղելու համար։ Հարավային ճակատում Անկարայի դիրքերի ուժեղացումը կարող է էականորեն մեծացնել նրա դիվանագիտական և ուժային ճնշման ներուժը հայկական ուղղությամբ՝ հատկապես Իրանի ռեսուրսների՝ այլ ճակատներում կենտրոնացման պայմաններում։

Երրորդ՝ Երևան-Բաղդադ և Երևան-Էրբիլ հարաբերությունների առջև ծառացած մարտահրավերներն ու դիվանագիտական հավասարակշռության պահպանման խնդիրը։ Վերջին տարիներին Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկել Մերձավոր Արևելքում իր տնտեսական և դիվանագիտական ներկայությունն ընդլայնելու ուղղությամբ։ Այդ քաղաքականության կարևորագույն հենասյուներն են Բաղդադի և Էրբիլի հետ զարգացող հարաբերությունները, որոնք ներառում են Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը, ուղիղ ավիահաղորդակցությունը, առևտրատնտեսական շրջանառության աճը և ենթակառուցվածքային համագործակցության ծրագրերը։ Իրաքյան Քրդստանում խորացող ֆինանսական ու էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև անվտանգային ռիսկերի աճը կարող են էականորեն սահմանափակել հայկական գործարար շրջանակների և արտահանողների գործունեությունը Հյուսիսային Իրաքում՝ նվազեցնելով տեղական շուկայի գնողունակությունն ու ներդրումային գրավչությունը։ Բացի այդ, Բաղդադ-Էրբիլ սուր հակասությունների խորապատկերում Երևանը պետք է պահպանի նուրբ դիվանագիտական հավասարակշռություն, որպեսզի Էրբիլի հետ տնտեսական ու գործարար կապերի զարգացումը որևէ կերպ չստվերի Բաղդադի հետ միջպետական հարաբերությունները և Հայաստանը չներքաշի ներիրաքյան վեճերի մեջ։

Քրդական դասը և հայկական օրակարգը. համակարգային դիմադրողականության հրամայականը

Իրաքյան Քրդստանում ծավալվող իրադարձությունները Երևանի համար կարևոր ռազմավարական հետևություններ առիթ են, քանի որ դրանց նշանակությունը դուրս է գալիս զուտ տարածաշրջանային դիտարկումների շրջանակից։ Տասնամյակներ շարունակ արևմտյան անվտանգային հովանավորության և արտաքին գործընկերների աջակցության վրա հենված ինքնավարությունը 2026 թվականի սեպտեմբերին՝ ամերիկյան ՀՕՊ համակարգերի դուրսբերումից հետո, մնաց անպաշտպան տարածաշրջանային ուժերի հարվածների նկատմամբ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս միջազգային հարաբերությունների հիմնարար օրինաչափությունը. արտաքին ուժային կենտրոնների անվտանգային երաշխիքները երբեք բացարձակ չեն և գործում են այնքան ժամանակ, քանի դեռ համընկնում են այդ կենտրոնների սեփական ռազմավարական առաջնահերթությունների հետ։ Երբ տարածաշրջանային հավասարակշռությունը փոխվում է կամ մեծ խաղացողների ռեսուրսները վերաբաշխվում են այլ ուղղություններով, փոքր սուբյեկտները հայտնվում են անվտանգային վակուումում։

Միևնույն ժամանակ, Իրաքյան Քրդստանի ճգնաժամը ցույց է տալիս, որ արտաքին ճնշումները դառնում են ճակատագրական հատկապես այն դեպքում, երբ համակարգը ներսից քայքայված է։ Ներքին քաղաքական էլիտաների պառակտումը, կուսակցական-աշիրեթային շահերի գերակայությունը համազգային ու պետական շահերի նկատմամբ և վերկուսակցական կառուցակարգերի բացակայությունը հանգեցրին նրան, որ արտաքին ցնցումների պայմաններում Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը հայտնվեց կազմաքանդման եզրին։ Հայաստանի համար սա ուղիղ և սթափեցնող ազդակ է. տարածաշրջանային խորը վերաձևումների փուլում ներքին համախմբվածության բացակայությունն ու սեփական պաշտպանական և տնտեսական դիմադրողականության թուլությունը որևէ պետություն կամ տարածքային միավոր դարձնում են տարածաշրջանային և արտաքին ուժերի բախումների խոցելի թիրախ։

Իրաքյան Քրդստանում ծավալվող ճգնաժամը ոչ թե հեռավոր մերձավորարևելյան միջադեպ է, այլ միասնական աշխարհաքաղաքական շղթայի կարևոր օղակ։ Այդ շղթայում էներգետիկ հոսքերի վերադասավորումը, տարածաշրջանային տերությունների զսպման ռազմավարությունը և փոքր սուբյեկտների ներքին թուլությունը սերտորեն փոխկապակցված են։ Այս գործընթացները ճիշտ գնահատելու համար Հայաստանը պետք է հրաժարվի իրավիճակային մոտեցումներից ու միակողմանի հույսերից և ձևավորի այնպիսի համակարգային անվտանգային ու արտաքին քաղաքական ճարտարապետություն, որը հաշվի կառնի թե՛ Իրանի շուրջ ձևավորվող նոր ռիսկերը, թե՛ Թուրքիայի աճող տարածաշրջանային հավակնությունները, թե՛ Մերձավոր Արևելքում հայկական տնտեսական ու դիվանագիտական շահերի պաշտպանության անհրաժեշտությունը»։