Քաղաքական իրականություն, որտեղ իշխանության հետ անհամաձայնությունը կարող է մարդու կյանք արժենալ

Ցնցված եմ, ցնցված են բոլորը։ Տեղի ունեցած ողբերգությունը մի ամբողջ քաղաքական իրականության մասին է, որտեղ իշխանության հետ անհամաձայնությունը կարող է մարդու կյանք արժենալ։

Արսեն Գևորգյանին ձերբակալեցին հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ընտրություններից ընդամենը չորս օր առաջ։ Կալանավորեցին երկու ամսով։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, նա մահացել է կալանավայրում։

Հիմա մեզ փորձելու են համոզել, որ սա ընդամենը հերթական քրեական գործ է, հերթական պատահականություն, հերթական ցավալի դեպք։ Բայց հասարակությունն իրավունք ունի շատ ավելի լուրջ հարցեր տալու։

Ո՞վ է պատասխան տալու կալանավայրում մարդու մահվան համար։ Արդյո՞ք ամեն ինչ արվել է նրա առողջական վիճակը վերահսկելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Կլինի՞ արդյոք անկախ, անաչառ և ամբողջական քննություն, թե՞ այս դեպքն էլ կփորձեն փակել օրվա հերթապահների ավտոլայվերով կամ շաբլոն հայտարարություններով։

Այս իշխանության օրոք քաղաքական մրցակցությունը գրեթե միշտ վերածվում է վարչական ու իրավական ճնշումների, և հետևանքների, որոնց մենք շատ ենք ականատես եղել։ Ընտրություններից օրեր առաջ ընդդիմադիր թեկնածուին կալանավորելը, նրա թիմակիցների ձերբակալությունները, քարոզարշավի փաստացի խաթարումը, իսկ հիմա՝ նրա մահը կալանավայրում, առանձին-առանձին դիտարկելու շքեղությունը հասարակությունն այլևս չունի։

Ո՛չ, սա սովորական քաղաքական վեճ չէ։ Եվ սա այն դեպքը չէ, երբ կարելի է ուսերը թոթվել ու ասել՝ քննությունը կպարզի։

Մարդ է մահացել։ Մարդ, որին ընդամենը քսան օր առաջ ազատությունից զրկեցին իր քաղաքան ճանապարհը անցնելու հանար։ Նրա ընտանիքն այսօր սուգ է ապրում, իսկ հասարակությունն իրավունք ունի և պարտավոր է պահանջելու պատասխաններ։

Ցավակցում եմ Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։

Ուղղակի հարցը մեկն է՝ մինչև ե՞րբ։ Մինչև ե՞րբ է մեր երկրում քաղաքական պայքարը մարդկանց համար վերածվելու վախի, հետապնդումների ու անպատասխան մնացող ողբերգությունների։

Այս հարցի պատասխանը/լուծումը միասնականության մեջ է

 Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը