ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։

Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։

Կիբեռոստիկանությունից հայտնում են՝ դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

Իրաապահ մարմինը հիշեցնում է՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

• Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։
• Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։
• Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։
• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։
• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

«Հիշե՛ք․ պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Մի՛ վստահեք կասկածելի հղումներին և մի՛ փոխանցեք Ձեր անձնական տվյալները»,-նշում են Կիբեռոստիկանությունից։