Լարվածության նոր ալիք թուրք-ադրբեջանական հարաբերություններում

Թուրքիայի և Ադրբեջանի տարաձայնությունները նոր երանգ են ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության համատեքստում։ Մինչ Անկարան դիտարկում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, Բաքուն հայտարարել է, որ ողջունում է Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությունը՝ առաջադրել սեփական թեկնածուին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: 

Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ողջունել է ԱՄԷ պետնախարար Լանա Զաքի Նուսեյբեի թեկնածությունը։ Նրա խոսքով՝ ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել թեկնածուների դիվանագիտական փորձը, անկողմնակալությունը և անդամ երկրների միջև համաձայնության հասնելու կարողությունը։

Հատկանշական է, որ հայտարարության մեջ ուղղակի քննադատություն չի հնչել Սինիրլիօղլուի թեկնածության վերաբերյալ։ Բաքուն նաև չի հստակեցրել՝ արդյոք պատրաստվում է աջակցել ԱՄԷ-ի թեկնածուին։

Թուրքական աղբյուրների համաձայն՝ Անկարան պատրաստվում է պաշտոնապես առաջադրել Սինիրլիօղլուի թեկնածությունը, սակայն առայժմ նրա անունը ներառված չէ ՄԱԿ-ի թեկնածուների պաշտոնական ցանկում։

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թ. դեկտեմբերի 31-ին, ուստի նրա հաջորդը պաշտոնը կստանձնի 2027 թ. հունվարի 1-ից։ Գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իսկ նշանակում՝ Գլխավոր ասամբլեան։ Ընտրության գործընթացում առանցքային նշանակություն ունի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը, քանի որ նրանք ունեն վետոյի իրավունք։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազանգով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ հրավիրել էր հոկտեմբերի 30-ին Անկարայում կայանալիք «Թյուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովին։ Սակայն Ալիևը չի մասնակցի հանդիպմանը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ օրը նա Բաքվում կմասնակցի ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների մրցաշարի մրցանակաբաշխությանը։ Գագաթնաժողովում Ադրբեջանը կներկայացնի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։