Իսրայելի ընտրություններում ոչ մի ուժ չի ստացել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը
Իսրայելում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկը, սակայն որևէ քաղաքական ուժ կամ դաշինք չի ստացել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 61 մանդատը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած իշխող աջ, ծայրահեղ աջ և կրոնական կուսակցությունների դաշինքը ստացել է 53 մանդատ։ 2022 թվականի նախորդ ընտրություններում այդ ուժերը միասին ունեին 64 մանդատ։
Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր դաշինքը ստացել է 48 մանդատ։ Միևնույն ժամանակ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդը» 27 մանդատով շարունակում է մնալ Քնեսեթի ամենամեծ առանձին խմբակցությունը։ Այզենկոտի հիմնադրած կենտրոնամետ «Յաշար» կուսակցությունը ստացել է 21 մանդատ։
Իսրայելի Քնեսեթն ունի 120 տեղ, իսկ կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ։ Ընտրություններում պատմականորեն բարձր արդյունք են գրանցել նաև արաբական կուսակցությունները՝ ստանալով 19 մանդատ՝ 2022 թվականի 10-ի փոխարեն։
Մեկնաբանելով արդյունքները՝ «Լիկուդը» հայտարարել է, որ ընտրությունները «գողացվել են»։ Ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Իտամար Բեն-Գվիրն էլ կոչ է արել ձերբակալել արաբական կուսակցությունների առաջնորդներին՝ պնդելով, թե կասկածներ կան, որ նրանք ֆինանսավորվել են Կատարից։ Ընդդիմության առաջնորդ Գադի Այզենկոտն իր հերթին «Լիկուդին» մեղադրել է ընտրությունների արդյունքները «ոչ լեգիտիմ ներկայացնելու» փորձի մեջ։
