Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմաբազա ստեղծել

Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել իր տարածքում ռազմաբազա ստեղծել։ Այն կարող է ձևավորվել Քաթարում Թուրքիայի ունեցած ռազմաբազայի օրինակով։ Այս մասին հայտնել է «Hürriyet» թերթը։
 
Սաուդյան Արաբիայում ռազմաբազայի ստեղծման հարցը կարող է քննարկվել հանրապետության խորհրդարանի կողմից Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև հավաքական պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի վավերացումից հետո։
Փաստաթուղթն այս շաբաթ անցել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովով, այժմ այն պետք է հաստատվի խորհրդարանի կողմից ամբողջությամբ։ Նույն խորհրդարանը պետք է մանդատ տա զինվորականներին արտերկիր ուղարկելու համար և ընդունի առանձին փաստաթուղթ ռազմաբազայի ստեղծման մասին, եթե թուրք օրենսդիրները դա անհրաժեշտ համարեն։
 
«Hürriyet»-ի տվյալներով՝ անվտանգության նոր հայեցակարգի շրջանակում Թուրքիան դիտարկում է տարբեր աշխարհամասերում, մասնավորապես Աֆրիկայում և Ասիայում, իր ռազմական ներկայության ընդլայնումը՝ երկկողմ համաձայնագրերի և տարբեր դաշինքների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

«Նոր դարաշրջանում Թուրքիայի նպատակն է իր ռազմական ներուժն օգտագործել ոչ միայն սեփական սահմանների պաշտպանության, այլև այն տարբեր տարածաշրջաններում, որտեղ անվտանգային շահեր ունի, զսպման էֆեկտի և դիվանագիտական ազդեցության ձևավորման համար»,- գրում է թերթը։
 
Թուրքիան ռազմաբազաներ ունի 12 երկրներում։ Դրանցից ամենախոշորը գտնվում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, որտեղ տեղակայված է ավելի քան 30-հազարանոց ռազմական զորախումբ։ Թուրքական ռազմաբազաներ տեղակայված են նաև Քաթարում, Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Լիբիայում և մի շարք այլ երկրներում։