Ամերիկյան և իսրայելական ԶՈւ-երը պատրաստվում են Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության վերսկսմանը. Axios
Ամերիկյան և իսրայելական զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության վերսկսմանը մինչև հոկտեմբերի 27-ին Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրությունները և նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում ունեցած աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ շաբաթ քննարկել են մինչև ԱՄՆ-ում և Իսրայելում ընտրությունները Իրանի դեմ նոր լայնամասշտաբ գործողություն սկսելու հնարավորությունը:
Պորտալը ընդգծում է, որ քննարկումը տեղի է ունեցել նախքան Թրամփի՝ հոկտեմբերի 8-ին արած հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն հարվածներ չի հասցնի Իրանին մինչև Կոնգրեսի ընտրությունները:
«Սակայն իսրայելական և ամերիկյան զինված ուժերը մնում են մարտական պատրաստվածության վիճակում և ավարտում են նախապատրաստությունն այն դեպքի համար, եթե նա փոխի դիրքորոշումը», – ընդգծում է Axios-ը:
Ինչպես նշում են պորտալի աղբյուրները, Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են համատեղ ռազմական գործողության հնարավորությունը, որի շրջանակներում հարվածներ կհասցվեն Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին: Axios-ի վկայությամբ՝ ամերիկյան վարչակազմում Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության վերսկսման հիմնական կողմնակիցներն են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, ինչպես նաև ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավարությունը:
Ընդ որում, Թրամփի խորհրդականների մեծ մասը կողմ է արտահայտվում Թեհրանի վրա տնտեսական և ճնշման այլ ձևերի պահպանմանը: Հոկտեմբերի 13-ին Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Իրանի նկատմամբ հետագա գործողությունների վերաբերյալ:

