Կիևի վրա հրթիռային հարձակումից առաջ Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել․ Զելենսկի

Ռուսական ուժերը հոկտեմբերի 12-ի երեկոյան հինգ բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Կիևի քաղաքացիական ենթակառուցվածքներին, սակայն Ուկրաինայի գործընկեր երկրների կողմից այս հարվածների վերաբերյալ նախազգուշացում չի եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսական բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներն օգնում են փրկել կյանքեր, և սա ամենակարևոր հարցերից մեկն է։ Բալիստիկ հրթիռների մասին նախազգուշացում ստանալը հենց այն գործոնն է, որն օգնում է կանխել մարդկային կորուստները», – գրել է Զելենսկին։

Ավելի վաղ Financial Times պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ անցյալ շաբաթ ԱՄՆ ներկայացուցիչները սպառնացել են դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների պատճառով։

Զելենսկին իր գրառման մեջ նաև նշել է, որ էներգետիկ հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոկտեմբերի 11-ի հայտարարությունից հետո Ուկրաինան հարվածներ չի հասցրել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին։

«Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. Ուկրաինան պատրաստ է փոխադարձ ապաէսկալացիոն քայլերի, սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է արդյունավետ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Պատերազմներն ավարտվում են, երբ ագրեսորը գիտակցում է, որ այլևս հնարավորություն չունի երկարաձգելու հակամարտությունը», – հավելել է նա։

Զելենսկին նաև հայտնել է, որ գիշերը ռուսական հարվածներից ավերվել է բնակելի շենք. չորս մարդ զոհվել է, 41 մարդ՝ վիրավորվել։