29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ
29 երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են իրենց և գործընկեր պետությունների դեմ Իրանին վերագրվող բռնի հարձակումները, այդ թվում՝ սպանությունների ծրագրերը, հրկիզումները, դիվերսիաները, կիբերհարձակումներն ու այլ հիբրիդային գործողությունները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հոկտեմբերի 12-ին հրապարակված հայտարարությունը, այն ընդունել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Ավստրալիայի և ևս 23 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
Հայտարարության հեղինակները ճանաչել են սեպտեմբերի 27-ին «Ֆերֆորդ» ռազմաօդային բազայում տեղի ունեցած միջադեպին Իրանի ներգրավվածության վերաբերյալ բրիտանական կողմի գնահատականը։ Լոնդոնի եզրակացությամբ՝ միջադեպը վկայում է գաղտնի ցանցերի և միջնորդների միջոցով Իրանի սահմաններից դուրս թշնամական գործողություններ իրականացնելու՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շարունակվող պատրաստակամության մասին։
«Մեր տարածքներում միջնորդների կամ այլ միջոցներով մարդկանց սպառնալու, լռեցնելու, ահաբեկելու, հետապնդելու, վնասելու կամ հարկադրելու՝ Իրանի ցանկացած փորձ անընդունելի է»,- ասված է հայտարարությունում։
Նախարարները հիշատակել են նաև Եվրոպայում հրեական համայնքների, իրանցի լրագրողների և ԱՄՆ շահերի դեմ վերջին հարձակումները, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Հարաքաթ Ասհաբ ալ Յամին ալ Իսլամիյա»՝ HAYI խմբավորումը։
Ստորագրող պետությունները հայտարարել են նման գործողությունները բացահայտելու, հետաքննելու, խափանելու և դրանց համար պատասխանատուներին քրեական պատասխանատվության ենթարկելու պատրաստակամության մասին։

