Փեզեշքիանը և Պուտինը հանդիպել են
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել և քննարկումներ են անցկացրել Թուրքմենստանում ընթացող Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի և Կասպից ծովի բնապահպանական գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և կենտրոնացել առանցքային ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և առևտրի բնագավառներում տնտեսական ու ռազմավարական համագործակցության ամրապնդման վրա։
Պաշտոնյաները նաև ընդգծել են համատեղ նախագծերի վերջնականացումն ու իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև վերահաստատել են իրենց վճռականությունը՝ ընդլայնելու համակողմանի գործակցությունն՝ ի շահ երկու ժողովուրդների ազգային շահերի և տարածաշրջանային կայունության։
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշման համար։
«Այս պահին մենք ամփոփում ենք արդյունքները, մենք փոխանակվել ենք նախաձեռնություններով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, կրկին վերանայել ենք ամերիկյան նախաձեռնությունը, և երբ այն վերջնականապես հաստատվի, միջնորդների միջոցով կրկին կամփոփենք այս բոլոր նախաձեռնությունները», – հավելել է Փեզեշքիանը։
Նա նաև նշել է, որ Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել պատերազմը։
«Մենք ձգտում ենք պատերազմը հնարավորինս արագ ավարտել, և անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն մեր իրավունքները։ Բայց եթե նրանք շարժվեն միակողմանի մոտեցմամբ, դա չի կարող տեղի ունենալ, դա չի կարող տեղի ունենալ շուտով։ Հետևաբար, մենք փորձում ենք՝ հաշվի առնելով մեր հարաբերությունները, հաշվի առնելով մեր երկրների միջև գոյություն ունեցող նախաձեռնությունները, անել ամեն ինչ, որ դա վերածվի գործնական գործողությունների», – նշել է նա։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փեզեշքիանը հույս է հայտնել նույն կերպ շարունակել առաջ ընթանալ։
«Մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունները լավ մակարդակի վրա են։ Հուսով ենք շարունակել առաջ շարժվել նույն տեմպով։ Այժմ պայմաններն ամենաբարենպաստն են մեր հարաբերությունները նույն տեմպերով արագացնելու համար», – հավելել է նախագահը։

