Թուրքիան որևէ կերպ թույլ չի տալու, որ Ադրբեջանի հետ լարվածության տպավորության ձևավորվի
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ և կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ԱԶԿ կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին օրերին նկատվող լարվածությանը։
Նա նշել է, որ սոցիալական ցանցերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշ հայտարարությունների և Ադրբեջանում գլխաշոր կրելու վերաբերյալ կարգավորումների շուրջ տարբեր պնդումներ են շրջանառվել։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական լարվածություն չկա։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը:
Չելիքը կրկին շեշտել է «երկու պետություն, մեկ ժողովուրդ» սկզբունքը և նշել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրների ներքին քաղաքական օրակարգերը կարող են տարբեր լինել, կարող են լինել տարաձայնություններ ներքին և արտաքին քաղաքականության հարցերում, սակայն նման դեպքերում դրանք քննարկվում են բաց և անկեղծ, և երկու երկրները շարունակում են իրենց ճանապարհը։
Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առկա է իրական եղբայրական հարաբերություն։ Չելիքը նաև հայտարարել է, որ կան երկրներ, որոնք փորձում են միջամտել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին, սակայն Թուրքիան թույլ չի տալու նման փորձերը։
Միաժամանակ Չելիքը նշել է, որ Թուրքիայում գործող որոշ խմբեր, սոցիալական ցանցերի որոշ հարթակներ և տարբեր շրջանակներ թիրախավորել են Ադրբեջանին։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները որևէ կապ չունեն Թուրքիայում իշխող կուսակցության կամ Թուրքիայի կառավարության հետ։
Չելիքը շեշտել է, որ Թուրքիան որևէ կերպ թույլ չի տալու՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև քաղաքական տարաձայնության կամ լարվածության տպավորության ձևավորվի, երկու երկրների եղբայրությունը ստվերող իրավիճակ ստեղծվի։ Նա նաև նշել է, որ վերջերս քննարկումներ են եղել նաև ցանկացած թյուրըմբռնումից խուսափելու համար։
Չելիքը, եզրափակելով իր խոսքը, նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրող հիմնական բառը «եղբայրությունն» է, և երկու երկրները հետագայում ևս շարունակելու են իրենց հարաբերությունները նույն եղբայրության ու համերաշխության հիման վրա։

