Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 160 մարդ
Ուսման պայմաններից դժգոհ ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաների ընթացքում Ֆրանսիայում ձերբակալվել է ավելի քան 160 մարդ, հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունյեսը, հաղորոդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փարիզի տարածաշրջանում ավագ դպրոցի աշակերտներն արդեն մեկ շաբաթ է՝ ակցիաներ են կազմակերպում իրենց դպրոցների մոտ՝ բողոքելով ծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտի այլ խնդիրների դեմ։ Երբեմն ցույցերն ուղեկցվում են անկարգություններով, հրկիզումներով և իրավապահների հետ բախումներով։
«Այսօր ձերբակալությունների մեծ թիվ է իրականացվել՝ 164»,- ասել է նախարարը BFMTV հեռուստաալիքի եթերում։
ՆԳ նախարարի խոսքով՝ բողոքի ակցիաներն անցել են գրեթե 180 ուսումնական հաստատությունում, որոնց մեծ մասը գտնվում է Փարիզի տարածաշրջանում։ Ակցիաներ են նկատվել նաև մի շարք խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Լիլը, Լիոնը, Գրենոբլը և Նիսը։
Ինչպես հստակեցրել է Նունյեսը, ընդհանուր առմամբ աշակերտները շրջափակել են 27 հաստատություն, ինչը պահանջել է իրավապահների միջամտությունը, և փորձել են արգելափակել ևս 50 դպրոցի մուտքը։ Մնացած հաստատությունների մոտ արձանագրվել են տարբեր միջադեպեր, այդ թվում՝ գույքին վնաս հասցնելու և ոստիկանների վրա հարձակվելու դեպքեր։
ՆԳ նախարարը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ տուժել է 12 իրավապահ, 8 դասախոս, այդ թվում՝ 3 տնօրեն, և շուրջ 12 աշակերտ։

