Հայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն Սրբազան
Հայրենիքը պահպանելու համար բավական չէ հայրենի հող ունենալ, պետք է ունենալ այնպիսի մարդ, որը այդ հողին հավատարիմ մնա, Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում Վարագա Սուրբ Խաչի տոնի առիթով իր քարոզում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
««Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քո, Քրիստոս, պահպանեա զմեզ, մարդասէր, յաներեւոյթ թշնամւոյն. զի դու միայն ես թագաւոր փառաց, օրհնեալ յաւիտեան»։
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր մեր Սուրբ Եկեղեցին կրկին բարձրացնում է ամենահաղթ Խաչի նշանը և նրա խորհուրդի ներքո հավաքում մեզ՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին։ Վեց տարի առաջ՝ հենց այս օրը, երբ մեր հայրերի արյամբ սրբացած այս հողի վրա հնչում էր Խաչի օրհներգը, պատերազմի որոտը խլացրեց նրա ձայնը։ Վարագա Սուրբ Խաչի օրը սկսվեց մի պատերազմ, որը մեր ժողովրդի կյանքում բացեց ցավի ու ամոթի, Արցախի կորստյան և հայրենազրկման մի ծանր էջ։ Վեց տարի անց մենք այստեղ ենք՝ նույն Խաչի առջև՝ հայելու Սուրբ Խաչին և նայելու ինքներս մեզ։ Մեր երկիրը լի է խաչերով, խաչեր՝ եկեղեցիների գմբեթներին, խաչքարեր՝ ամենուրեք, խաչեր՝ մեր տների պատերին, խաչազարդ՝ մեր պարանոցներին։ Բայց որքանո՞վ է Խաչը մեր մեջ որպես արտաքին նշան և ձև, և որքանո՞վ՝ որպես ներքին կյանք ու ապրելու բովանդակություն։
«Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ» (Գաղ․ Զ 14)։ Ինչո՞ւ է Պողոս առաքյալը պարծենում խաչով, և խաչերի այդօրինակ առատությունը արդյո՞ք մտնում է խաչի պարծանքի մեջ։ Առաքյալը խաչի մեջ տեսնում է Աստծո սիրո ամբողջ խորությունը։ Խաչի վրա Քրիստոս իր կյանքն է տալիս, իրեն նվիրում, զոհաբերում։ Եվ այդ ինքնանվիրման մեջ մահը կորցնում է իր վերջնական իշխանությունը։ Խաչը դառնում է հարության և հաղթանակի ճանապարհ։ Քրիստոսի հաղթությունը ծնվում է սիրուց։ Խաչի պարծանքը սիրո հավատարմությունն է մինչև ինքնազոհաբերում, հավատարմություն Աստծուն՝ թարգմանված արդար, ճշմարիտ և սիրով լեցուն կյանքով։
Սիրելի՛ հավատացյալներ,
Օրվա ավետարանում Տեր Հիսուս, խոսելով աշխարհի վախճանի մասին, ակնարկում է խաչի նշանին. «Ապա Մարդու Որդու նշանը կերևա երկնքում» (Մատթ․ ԻԴ 30)։ Որքան խորհրդավոր է այս խոսքը։ Պատմության վերջին տեսարանը Խաչի նշանն է։ Այն նշանը, որը աշխարհն ընկալում է որպես նվաստացում, քրիստոնեական հավատքի մեջ դառնում է փառքի նշան։ Այն, ինչ մարդկային հայացքին մահվան ավարտն է թվում, Աստծո զորությամբ դառնում է Հարության ճանապարհ։ Խաչն ու Հարությունը դիտարկելի են մեկ ամբողջության մեջ։ Խաչը Քրիստոսի ինքնանվիրումն է, Հարությունը՝ այդ սիրո դիմաց Աստծո հաղթական պատասխանը։ Խաչի վրա Քրիստոս իրեն ընծայում է մինչև վերջ, Հարությամբ Հայրը հայտնում է, որ այդ սերը մահից զորեղ է։ Քրիստոս մահը չի հաղթում՝ մահից խուսափելով։ Նա անցնում է մահվան միջով և այն ներսից հաղթահարում։ Բռնությունը չի փոխում նրա սերը, չարչարանքը չի լռեցնում նրա ճշմարտությունը, մահը չի կլանում Կյանքի Տիրոջը։
Սիրելի՛ հավատացյալներ,
Վարագա Սուրբ Խաչը մեր հավատքի կենդանի վկայությունն է, մեր հոգևոր ճանապարհի այն նշանը, որ դարերի ընթացքում մեզ առաջնորդել է փորձության միջով։ Եվ այսօր, պարտված պատերազմից վեց տարի անց, Խաչին նվիրված նույն տոնին, համարձակվում ենք կանգնել Խաչի խորհուրդի առաջ՝ մեր ժողովրդի ամբողջ ցավով, բայց նաև ամբողջ անկեղծությամբ։ Պատերազմի փորձությունը մեր հոգևոր կյանքի հայելին է։ Ունեցանք մի ժամանակ, երբ խաչի խորհուրդը վերածվեց ինքնազոհաբերման ու հաղթանակի։ Ունեցանք նաև մեկ այլ ժամանակ, երբ խաչի պատկերը մնաց մեր շուրջը, բայց խաչի հոգին թուլացավ մեր կյանքում։ Այս ցավալի տարբերությունը պարտավոր ենք հասկանալ։ Խաչի նշանը շատ է, խաչի կյանքը՝ քիչ։ Խաչը մնում է մեր եկեղեցիների գմբեթներին, խաչքարերին, տներին ու պարանոցներին, մինչդեռ նրա պահանջը՝ ինքնանվիրումը, զոհողությունը և պատասխանատվությունը, բավարար չափով չի դառնում մեր կյանքի չափանիշը։
Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է անապատի այն խորհրդավոր պատմությունը, երբ հին ուխտի ժողովուրդը մեղանչում է, և Աստված Մովսեսին պատվիրում է բարձրացնել պղնձե օձը։ Խայթված մարդը պետք է բարձրացներ իր հայացքը և նայեր այդ նշանին, որը հիշեցնում էր իր մահվան վտանգը, որպեսզի այնտեղից սկսվեր նրա բժշկությունը։ Քրիստոս ինքն այս պատմությունը կապում է իր խաչի հետ. «Ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց պղնձե օձը, նույնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա» (Հովհ․ Գ 14)։
Այսօր մեզ ևս անհրաժեշտ է այդ հայացքը՝ նայելու մեր վերքերին, կորուստներին, մեր սխալներին, վախերին։ Նայենք այն պահերին, երբ արդարությունը ոտնակոխ արվեց, երբ պատասխանատվությունը տեղը զիջեց հարմարավետությանը, երբ սերը խամրեց, երբ միասնությունը թուլացավ։ Ով համարձակվում է ճանաչել իր վերքը, կարող է բժշկություն փնտրել։ Ով տեսնում է իր մեղքը, կարող է ապաշխարել։ Ով վերադառնում է Աստծուն, կարող է նորից զորանալ։ Խաչի առաջ ճշմարտությունն ընդունող ժողովուրդը դեռ ապագա ունի։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Այսօր մեր մտքի ու աղոթքի մեջ առաջին հերթին մեր նահատակներն են, որոնց անունները դաջված են մեր հիշողության մեջ, որոնց կյանքը շաղախված է հայրենի հողի հետ։ Նրանք իրենց կյանքով մտան խաչի խորհրդի մեջ և իրենց զոհողությամբ վկայեցին, որ կան արժեքներ, որոնց համար մարդը պատրաստ է տալ ամենաթանկը՝ իր կյանքը։ Նրանք խաչը չկրեցին միայն որպես նշան։ Նրանք իրենց կյանքը դարձրին խաչի զոհողության վկայություն։ Նրանց համար հավատքը, հայրենիքը, պարտքը և սերը բառեր չէին, այլ պատասխանատվություն, որի համար պատրաստ եղան զոհողության։ Աշխարհի չափանիշով նրանց կյանքը ավարտվեց զոհաբերությամբ։ Քրիստոսի խաչի լույսի ներքո նրանց զոհողությունը վկայություն է այն հաղթական սիրո, որը սեփական կյանքը կարող է նվիրել ավելի բարձր արժեքի։ Եվ նրանք մեզ այսօր հարց են տալիս․ ի՞նչ ենք պատրաստ տալ հանուն հայրենիքի ու պետության ապագայի, ի՞նչ արժեքների համար ենք պատրաստ զոհել մեր հարմարավետությունը, ժամանակը, էներգիան և անձնական շահը։ Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է։ Նրանք իրենց բաժին խաչը կրեցին արժանապատվությամբ, և այո՛, հաղթանակած են։ Մեր բաժինը հիմա ապրելն է այնպես, որ նրանց զոհողությունը չմնա միայն հուշաքարի վրա։
Սուրբ Գիրքը մի խորունկ նախազգուշացում ունի։ Հին Ուխտի ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսի ստրկությունից Աստծո զորությամբ։ Աստված նրան առաջնորդեց դեպի ազատություն և Ավետյաց երկիր։ Սակայն Ավետյաց երկիրն ինքնին չէր ապահովում ժողովրդի հավերժական ազատությունը։ Ազատությունը պահպանվում էր Աստծո հետ ուխտին հավատարիմ ապրելով։ Երբ ժողովուրդը հեռացավ Աստծուց, երբ ուխտի փոխարեն ընտրեց կռապաշտությունը՝ թուլացնելով արդարությունը, եկավ աքսորի ժամանակը։ Հայրենիքի կորուստ։ Գերություն։ Տառապանք։ Վերադարձի կարոտ։ Այս պատմությունն այսօր մեզ համար կենդանի հայելի է։ Հայրենիքը պահպանելու համար բավական չէ հայրենի հող ունենալ։ Պետք է ունենալ այնպիսի մարդ, որը այդ հողին հավատարիմ մնա։ Պետք է ունենալ ընտանիք, որը հավատ փոխանցի։ Պետք է ունենալ երիտասարդություն, որը երազանք ունենա։ Պետք է ունենալ ժողովուրդ, որը ճշմարտությունը ճանաչի որպես արժեք։ Պետք է ունենալ հասարակություն, որտեղ մարդը վստահի մարդուն։ Եվ պետք է ունենալ հոգևոր կյանք, որի կենտրոնում Աստված է։ Ազատությունը պահպանվում է պատասխանատվությամբ։ Հայրենիքը պահպանվում է հավատարմությամբ։ Հաղթանակը պահպանվում է զոհողությամբ։ Այլ ձևակերպմամբ՝ կյանքի հաղթանակը կերտվում է խաչի իրական խորհուրդով։
Հետևաբար, Սուրբ Խաչի առջև, մեր աղոթքն ու ուխտը թող լինի շարականի բառերով.
«Քո ամենահաղթ Խաչի նշանով, Քրիստո՛ս, պահպանի՛ր մեզ՝ Մարդասե՛ր, աներևույթ թշնամուց, որովհետև Դու ես միայն փառքի Թագավորը, օրհնյալ հավիտյան»․ ամեն»,- նշել է Սրբազան Հայրը։

