Հայաստանի Հանրապետությունը այսօր նշում է Անկախության 35-րդ տարեդարձը
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է Անկախության 35-րդ տարեդարձը: 35 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը պատմական որոշում կայացրեց և անկախությունն ընտրեց որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ:
Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ հանրապետություն։
Հայաստանի ազգային տոնացույցի կարևորագույն այս տոնին նախորդել է 1990 թվականի օգոստոսի 23-ը, երբ սկիզբ է դրվել անկախ պետականության հաստատման գործընթացին․ Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանի ժամանակ ընդունեց «Հայաստանի անկախության մասին» Հռչակագիրը: Հանրապետության խորհրդարանը դրանով ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկսվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունը։
Երրորդ Հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2015 թ. նոյեմբերի 6-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Հայաստանի Հանրապետության դրոշը Եռագույնն է (կարմիր, կապույտ, ծիրանագույն), նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության /1918-1920 թ.թ./ զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը ևս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հիմքում Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է, երաժշտության հեղինակը Բարսեղ Կանաչյանն է:

