Թբիլիսիի 20 մանկապարտեզներում զանգվածային թունավորման դեպքեր են գրանցվել

Թբիլիսիի 20 մանկապարտեզում զանգվածային թունավորում է տեղի ունեցել։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 55 երեխա և 1 ուսուցիչ թունավորման ախտանիշներ են ունեցել։ Նրանք բժշկական օգնության են դիմել Թբիլիսիի 6 կլինիկաներում։

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող սննդամթերքի արտադրության և վաճառքի վերաբերյալ։

Հետաքննության շրջանակում արդեն հարցաքննվել են երեխաների ավելի քան 50 օրինական ներկայացուցիչներ և բժշկական հաստատությունների աշխատակիցներ, խուզարկություններ են անցկացվել 4 մանկապարտեզում և նախադպրոցական հաստատություններին սնունդ մատակարարող 3 ընկերությունում։