Օրենսդրական առաջարկ․ Պատասխանատու վարորդների խրախուսման բալային համակարգ

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Օրենսդրական առաջարկ Պատասխանատու վարորդների խրախուսման բալային համակարգ

Այսօր վարորդների նկատմամբ կիրառվում է բալային համակարգ, որի հիմնական նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կանխարգելումն ու երթևեկության անվտանգության ապահովումն է։

Առաջարկում եմ գործող բալային համակարգը լրացնել նաև պատասխանատու վարորդների խրախուսման մեխանիզմով։

Մասնավորապես՝ սահմանել, որ եթե վարորդը մեկ օրացուցային տարվա ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնների որևէ խախտում չի կատարել և նրա նկատմամբ բալային տույժ չի կիրառվել, ապա հաջորդ օրացուցային տարվա սկզբին նրան տրամադրվի լրացուցիչ խրախուսական բալ։

Այս մոտեցումը հնարավորություն կտա բալային համակարգը դարձնել ոչ միայն պատժիչ, այլև խրախուսական և կանխարգելիչ։

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 129.3-րդ հոդված

Սահմանում է տուգանային միավորներով վարչական տույժ նախատեսող խախտումների պարբերաբար կատարելու հետևանքը, երբ տվյալ տարվա միավորների հանրագումարը կազմում է 13 կամ ավելի միավոր՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով զրկում։ 

Առաջարկվող օրենսդրական փոփոխություն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին

Հոդված 1. Օրենսգրքի 25.1-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձը նախորդ օրացուցային տարվա ընթացքում չի կատարել տուգանային միավորի ձևով վարչական տույժ նախատեսող ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որի վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտել, ապա հաջորդ օրացուցային տարվա սկզբին նրան տրամադրվում է լրացուցիչ խրախուսական տուգանային միավոր՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով։Խրախուսական տուգանային միավորի չափը, տրամադրման կարգը և առավելագույն սահմանաչափը սահմանվում են օրենքով»։

Իրավական հիմնավորում

Առաջարկը նպատակ ունի բալային համակարգում ներդնել կանխարգելման և խրախուսման համակցված մեխանիզմ՝ օրինապահ վարորդների վարքագիծը խրախուսելու համար։

Կարևոր է, որ լրացումը հստակ սահմանի՝

1.Որ խախտումների բացակայությունն է հիմք լրացուցիչ բալ ստանալու համար։

2.Ինչպես են հաշվարկվում բողոքարկված վարչական ակտերը։

3.Որքան է խրախուսական բալի չափը։

4.Ինչպես է այն համադրվում գործող բալային սահմանաչափերի հետ։

Փաստաբան՝ Աննա Ծառուկյան