Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավները կողք կողքի

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ցուցահանդեսի նշանային ստեղծագործությունն է Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ ձեռք բերված «Լքյալը» ստեղծագործությունը, որը Սուրենյանցի գլուխգործոցն է:

Ներկայացնելով կտավի պատմությունը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշել է, որ այն ստեղծվել է հայ ժողովրդի համար պատմական իրադարձությունների համատեքստում, և Վարդգես Սուրենյանցի հանճարը տվյալ իրողությունը մինչև համամարդկային հարթություն վեր հանելն էր. «Այսօր այս կտավի շուրջ քննարկումները ոչ թե կոնկրետ իրադարձությունների, այլ համամարդկային խնդիրների մասին են՝ կիզակետում ունենալով հումանիզմը: Ցուցադրության խորագիրը պատահական չէ ընտրված. կենտրոնում մարդն է՝ որպես բացարձակ արժեք»։

Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, միավորվել են Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավները՝ «Լքյալը» (1894 թ.), «Ոտնահարված սրբություն» (1895 թ.), «Ջարդից հետո» (1898 թ.)։

Ցուցահանդեսում ներկայացվում են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլոց՝ մարդասիրական մտածողության ընդհանուր զարգացման ուղին բացահայտող ստեղծագործությունները, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից երկու ստեղծագործություն և Սբ Առաքելոց եկեղեցու պատմական այն դուռը, որը պատկերված է Սուրենյանցի «Լքյալը» կտավում։

«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է: