ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պետք է ոչ միայն զարգացնեն առանձին տրանսպորտային միջանցքները, այլև ձևավորեն փոխկապակցված երթուղիների միասնական համակարգ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Նուռլան Երմեկբաևը։
«Ծովային հաղորդակցությունները, ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում խոցելի են և ենթակա տարբեր տեսակի ռիսկերի։ Այս պայմաններում մեր պետությունների համար, որոնք գտնվում են նույն՝ Եվրասիա մայրցամաքում, օբյեկտիվորեն մեծանում է եվրասիական տրանսպորտային երթուղիների և դրանց հետ կապված կարգավորող նորմերի նշանակությունը», – հայտարարել է Երմեկբաևը «ԵԱՏՄ-ՇՀԿ․ տնտեսական համագործակցության ակտիվացում» խորագրով կլոր սեղանի շրջանակում։
Նա նշել է, որ գլոբալ մատակարարման շղթաների ընթացող վերակազմավորումը նոր պահանջներ է առաջ քաշում։
«Հետևաբար, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի առջև խնդիր է դրված ոչ միայն զարգացնել առանձին տրանսպորտային միջանցքներ, այլև ձևավորել փոխկապակցված երթուղիների միասնական համակարգ, որը կմիավորի արևելքը, արևմուտքը, հյուսիսը և հարավը», – նշել է նա։
Երմեկբաևը նշել է, որ ԵԱՏՄ-ն ունի համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության մշակված մեխանիզմներ, իսկ ՇՀԿ-ն միավորում է այն երկրները, որոնց տարածքով անցնում են Եվրասիայի կարևորագույն տարանցիկ ուղղությունները։
Նշենք, որ Երմեկբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ստորագրել են 2027-2030 թվականների միջոցառումների ծրագիրը՝ ՇՀԿ քարտուղարության և ԵՏՀ-ի միջև 2021 թվականի սեպտեմբերի 17-ին ստորագրված հուշագրի իրականացման նպատակով։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Չինաստանի մայրաքաղաքում՝ ՇՀԿ քարտուղարությունում։
Փաստաթուղթը նախատեսում է համատեղ նախագծերի իրականացում՝ այդ միավորումների Գործարար խորհուրդների մասնակցությամբ, միջոցառումների անցկացում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ագրոարդյունաբերական համալիրը, պարենային անվտանգությունը, մաքսային կարգավորումը, ինչպես նաև գործադիր մարմինների միջև տեղեկատվության փոխանակում՝ կապված կանաչ տնտեսության զարգացման, թվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հետ։

