591 մլն դրամ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. «Հետք»

Երկու դրվագով մեղադրանք, մոտ վեց տարի տևած քրեական հետապնդում, տարիներ շարունակ տեղաշարժի սահմանափակում և վերջնական արդարացում այս գործընթացի համար պետությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին պետք է վճարի 6 մլն դրամ՝ որպես հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցում։ Դավիթ Գրիգորյանի օրինակը միակը չէ: 2018-2026թթ առաջին կիսամյակի ընթացքում մոտ 591 մլն դրամ է վճարվել արդարացված մեղադրյալներին և նրանց օրինական ներկայացուցիչներին:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է դեռ 2019թ. հուլիսի 30-ին։ Նա մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Սկզբնական շրջանում նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։ Սակայն 2020թ. մայիսի 20-ից մինչև 2025թ. ապրիլի 22-ը նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոցը՝ 2003թ. Քրեական օրենսգրքի կարգավորումներով։

Քրեական գործը դատարան է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ, սակայն Հակակոռուպցիոն դատարանը Գրիգորյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն է համարել։ Դատարանը գտել է, որ նրա արարքներում իրեն վերագրվող հանցագործության հատկանիշները բացակայում են, իսկ նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ  ձեռք չեն բերվել՝ մեղադրանքը հաստատելու համար։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել արդարացման դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ չի ընդունել, ինչի արդյունքում Գրիգորյանի արդարացումը վերջնականապես մտել է օրինական ուժի մեջ։

Դավիթ Գրիգորյանը 2025թ. նոյեմբերին դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պետությունից պահանջելով վնասի փոխհատուցում։ Դատարանը 2026թ. հուլիսի 30-ի վճռով արձանագրել է, որ շուրջ վեց տարի տևած քրեական վարույթը նրա համար ստեղծել է շարունակական անորոշություն։ Դատարանը հաշվի է առել, որ այդ անորոշությունը վերաբերել է ոչ միայն Դավիթ Գրիգորյանի իրավական կարգավիճակին, այլև նրա մասնագիտական հեղինակությանը, անձնական ու ընտանեկան կյանքին և հետագա գործունեությանը։

Դատարանը հատկապես կարևորել է Գրիգորյանի պաշտոնը։ Քրեական հետապնդման պահին նա զբաղեցրել է  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, իսկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը, ըստ վճռի, կարող է ավելի լուրջ ազդեցություն ունենալ մասնագիտական հեղինակության վրա, քանի որ այդ պաշտոնը կապված է հանրային վստահության հետ։ Այս դեպքում այդ ազդեցությունը, ըստ դատարանի, ավելի նշանակալի է եղել, քանի որ Գրիգորյանը երկար ժամանակ մնացել է մեղադրյալի կարգավիճակում, իսկ հետագայում արդարացվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: