Մոսկվայում մեկնարկել է «Սպայկա»-ի ղեկավարներ Դավիթ Ղազարյանի և Արայիկ Սարուխանյանի դատավարությունը
Մոսկվայի Օստանկինոյի դատարանում սեպտեմբերի 14-ին հեռակա կարգով մեկնարկել է «Սպայկա-Ռուս» ՍՊԸ-ի (Հայաստանի մրգի և բանջարեղենի խոշորագույն արտահանող ընկերության ռուսական դուստր ձեռնարկության) հիմնադիր Դավիթ Ղազարյանի և գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի դատավարությունը։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, գործարարները մեղադրվում են կեղծ պայմանագրերի միջոցով Ռուսաստանից մոտ 44 մլրդ ռուբլի դուրս բերելու, 5 մլրդ ռուբլու չափով ԱԱՀ-ից խուսափելու և դրամական միջոցների լվացման մեջ:
Մեղադրանքում ներառված են խոշոր չափերով կորպորատիվ հարկերից խուսափելը, կեղծ փաստաթղթերի միջոցով ոչ ռեզիդենտների հաշիվներին դրամական միջոցներ փոխանցելը և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը (Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 199, 193.1 և 174.1 հոդվածներով)։
Դատական գործընթացն հեռակա կարգով է, քանի որ, ըստ առկա տեղեկությունների, երկու գործարարներն էլ ներկայում բնակվում են Հայաստանում։
Դավիթ Ղազարյանի և Արայիկ Սարուխանյանի առնչությամբ քրեական գործը հարուցվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության կողմից 2019 թվականի ապրիլին։ Ըստ քննիչների՝ գործարարները Ռուսաստան միրգ և բանջարեղեն մատակարարելու պայմանագրերի շրջանակում երկրից դուրս են հանել մոտ 44 միլիարդ ռուբլի։
Ռուսաստանում հետաքննություն սկսվելուց հետո Դավիթ Ղազարյանին նաև Հայաստանում են մեղադրանք առաջադրել 17 միլիոն դոլարի չափով հարկեր չվճարելու համար, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ պետությանը պատճառած վնասը հատուցելուց հետո։
2025 թվականի մարտին Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել Դավիթ Ղազարյանին և Արայիկ Սարուխանյանին, և երկուսի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել։ Քննիչները Ղազարյանին համարում են ենթադրյալ հանցագործությունների կազմակերպիչ, իսկ Սարուխանյանին՝ կատարող։
Կասկածյալների որոնման պատճառով նախաքննությունը երկու անգամ կասեցվել, ապա վերսկսվել է։ Գործն ուղարկվել է դատարան 2026 թվականի օգոստոսին։

