Թեև այդ տարածքը համարվում է հայկական, մուտքն ու ելքն իրականացնելու է Ադրբեջանը․ Բայրամով
Ադրբեջանի տարածքում դեպի հայկական սահման տանող ավտոճանապարհի կառուցումն ավարտված է 95%-ով, իսկ երկաթուղային նախագիծը՝ 75%-ով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջնի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական կայքերը։
«Նախիջևանում մեկնարկել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով. այն կազմում է «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև այդ տարածքը համարվում է հայկական, մուտքն ու ելքն իրականացնելու է Ադրբեջանը։ Շինարարությունը կսկսվի 2027-ին»,-նշել է այդ երկրի ԱԳ նախարարը։

