Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին
Գերմանիայում հիբրիդային սպառնալիքների մակարդակը շարունակում է աճել, իսկ երկիրը դարձել է ռուսական հետախուզական գործունեության առաջնահերթ թիրախներից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական dpa գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի ռազմական հակահետախուզության՝ MAD-ի 2025 թվականի տարեկան զեկույցին։
Զեկույցում նշվում է, որ Գերմանիայում հիբրիդային սպառնալիքների իրավիճակը շարունակել է սրվել։ Գերմանիայի նկատմամբ ռուսական հետախուզության բարձր հետաքրքրությունը MAD-ը կապում է երկրի աշխարհառազմավարական դիրքի, Բունդեսվերի ուժեղացման և նոր սպառազինությունների ներդրման հետ։
Գերմանական ռազմական հակահետախուզության գնահատմամբ՝ հիբրիդային գործողությունները կարող են ներառել կիբերհարձակումներ, անօդաչու թռչող սարքերի օգտագործում, քաղաքական ազդեցության փորձեր, ինչպես նաև տրանսպորտային, էներգետիկ և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների աշխատանքի խափանումներ։

