Հուսով ենք՝ «իրական» Հայաստանի հատվածները Շուշիի ճակատագրին չեն արժանանա. Արամ Ա

Խոր ցավով ու ընդվզումով դիտեցինք սոցիալական ցանցերը ողողած այս տեսերիզները (video-ները). Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացումով» դիտում ու լսում են՝ մեր սրբերի աղոթքով, նահատակների արյունով ու ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնած մեր եկեղեցիները ու պատմամշակութային կոթողները որպես ալբանական կառույցներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում մեր աչքերի առջև…։

Արդարև, ընդվզեցուցիչ երևույթ, որ հետևանք է մեր անմիաբանության ու անհեռատես քաղաքականության։ Ցավալի երևույթ, որ մեզ պետք է մղի ինքնագիտակցության և համախմբվելու մեր հայրենիքի ու ազգին գերագույն ու ընդհանրական արժեքների, շահերի ու իդեալների շուրջ։

Հուսով ենք ու աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում…»։