ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է միջուկային վառելիք՝ ուրանի հարստացումից հրաժարվելու դիմաց. Bloomberg

ԱՄՆ վարչակազմը պատրաստակամություն է հայտնել Իրանին մատակարարել միջուկային վառելիք, եթե Թեհրանը լիովին դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը:  Այս մասին Bloomberg-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Մենք կարող ենք միջուկային վառելիք Իրանին մատակարարել արտասահմանից։ Նրանք կարող են վերամիանալ ազգերի համայնքին և խաղաղություն ու բարգավաճում բերել իրենց ժողովուրդներին», – նշել է Ռայթը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն գրեթե պատրաստել է ուրանի մատակարարման սեփական շղթան։ Ռայթը նշել է, որ Էներգետիկայի նախարարությունն ավարտին է հասցնում ուրանի արտադրության և գործընկերության ոլորտում երկարաժամկետ համաձայնագրերը։

«Մենք նախընտրում ենք բանակցել։ Կամ նրանք կարող են շարունակել իրենց գաղտնի միջուկային զենքի ծրագիրը և դիմակայել ԱՄՆ զինված ուժերին, ինչը երաշխավորում է, որ նրանք չեն զարգացնի միջուկային զենք», – հավելել է Ռայթը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ հարաբերություններում դիվանագիտական առաջընթաց մոտ ապագայում չի սպասվում։ Այժմ Հորմոզի նեղուցով օրական անցնում է մոտ 10 միլիոն բարել նավթ և նավթամթերք, ինչը, հաշվի առնելով այլընտրանքային խողովակաշարերը, կազմում է նախաճգնաժամային ծավալների միայն երկու երրորդը։ Նախարարը շեշտել է, որ համաշխարհային էներգետիկ շուկայի ներկայիս վիճակը մնում է չափազանց անկայուն և բարդ։

Ի դեպ, Իրանի միջուկային հարցերով փոխնախագահ և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիին մերժվել է մուտք գործել Ավստրիա՝ Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովում ելույթ ունենալու համար։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը խնդրել է ժամանակավորապես չեղարկել Էսլամիի նկատմամբ պատժամիջոցները, ինչը նրան թույլ կտա մուտք գործել Ավստրիա և ելույթ ունենալ միջոցառմանը, սակայն ԱՄՆ իշխանությունները պնդել են պահպանել ցանկացած սահմանափակում։ Համաժողովում կարող է ելույթ ունենալ Իրանի ավելի ցածր մակարդակի ներկայացուցիչը։