Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին, նավահանգիստներին և լոգիստիկ կենտրոններին։ Գերատեսչությունը հայտնում է Կիևում նավակների և անօդաչու թռչող սարքերի պահեստների, իսկ Նիկոլաևի մարզում՝ լոգիստիկ կենտրոնների հարվածելու մասին։ ՌԴ ՊՆ-ն նաև հաղորդել է Օդեսայի նավահանգիստներից մեկը և լոգիստիկ կենտրոնները թիրախավորելու մասին։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով Կիևի իշխանություններին, հաղորդում է, որ ռուսական ԱԹՍ-ն հարվածել է բարձրահարկ բնակելի շենքի, որտեղ տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ հղի կին։

Օդեսայի մարզում Մոլդովայի հետ սահմանային անցակետին հասցված հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, երեք մարդ՝ վիրավորվել։

Նիկոլաևում հարձակման հետևանքով վնասվել է մասնավոր տուն, փլատակներից դուրս է բերվել մեկ զոհի մարմին։ Դնեպրում ռուսական հարվածներից երկու մարդ է վիրավորվել, հրդեհ է բռնկվել պահեստում և մասնավոր տանը։

Ռուսական կողմն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների փոխանցմամբ՝ Նովոռոսիյսկում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա։ Վնասվել են տներ, մանկապարտեզ։