Համեմատեք՝ շաբաթական 2,5 հազար տոննա դեպի ռուսական շուկա, և շաբաթական 40 տոննա՝ դեպի Էմիրություններ
Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկություն է տարածել, թե սկսում է հայկական պտուղ բանջարեղենի արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ՝ շաբաթական մինչեւ 40 տոննա, հետո ավելացնելու ակնկալիքով։
Տեղեկությունը տարածում են այնպես, կարծես Էմիրություններ արտահանում մինչ այժմ չկար, ու հիմա կառավարությունը հմտորեն կարողացել է արձանագրել դիվերսիֆիկացիայի հերթական «նվաճումը»՝ ի հեճուկս Ռուսաստանի շուկայի։
Իրականում, հայկական պտուղ-բանջարեղենի արտահանում Էմիրություններ՝ եղել է։ Իհարկե ոչ մեծ ծավալով, բայց եղել է, տարիների ընթացքում ավելացել, հետո՝ պակասել։ Այսինքն, այստեղ առանձնապես նոր բան չկա։ Առավել եւս, որ շաբաթական 40 տոննան գործնականում որեւէ համեմատության եզր չունի այն ծավալների հետ, որոնք ապահովվում են ռուսական շուկայի միջոցով։
Համեմատության համար՝ դեպի Ռուսաստան արտահանումների ծավալը դիտարկելով, շաբաթական ստացվում է նվազագույնը գրեթե 2,5 հազար տոնն ա։ Համեմատեք՝ շաբաթական 2,5 հազար տոննա դեպի ռուսական շուկա, եւ շաբաթական 40 տոննա՝ դեպի Էմիրություններ։
Իհարկե շատ լավ է, որ Հայաստանի գյուղարտադրանքը կարող է գնալ Էմիրություններ, ու ինչքան շատ գնա՝ այնքան լավ։ Եվ իհարկե լավ է, որ գնա նաեւ Եվրոպա, այլ ուղղություններ։ Այդ ամենը լավ է, կարեւոր է։ Բայց կեղծ է այն, թե հնարավոր է գտնել ռուսական շուկային փոխարինող։ Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ։ Դա օբյեկտիվ պատկեր է։

