Ես չեմ տեսել որևէ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կվկայի, որ Տիգրանաշենը անկլավ է կամ պատկանում է Ադրբեջանին․ քարտեզագիր
Հայաստանի ազգային ատլասում Հայաստանի Հանրապետության մակերեսը նշված է 29 743 քառակուսի կիլոմետր։ Այնտեղ նաև նշված է, որ գոյություն ունեն երկու հայկական հանրապետություններ՝ Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետության զուտ մակերեսը նշված է 29 743 քառակուսի կիլոմետր։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քարտեզագիր Շահեն Շահինյանը։
«Իհարկե, Հայաստանի ազգային ատլասը տեղեկատվական նյութ է, որը ստեղծված է Հայաստանի Հանրապետության ներքին օգտագործման համար, բայց, այնուամենայնիվ, մենք այդտեղ ունենք ֆիքսված նման թիվ։ Հրապարակվել է 2012 թվականին»։
Հարցին, թե արդյոք 29 743 քառակուսի կիլոմետրի մեջ ներառվա՞ծ է Տիգրանաշենը և Տավուշի այն տարածքները, որոնք անվանում են անկլավներ, Շահինյանն ընդգծեց, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման օրենքի, Տիգրանաշենը հանդիսանում է ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայր։
«Ինչ վերաբերում է անկլավներին, մինչ օրս անկլավների իրավական հիմք հրապարակված չէ։ Մեր հետազոտությունների համաձայն՝ ոչ Արարատի մարզի, ոչ Տավուշի մարզի տարածքներում բանավոր կերպով խոսվող, այսպես կոչված, անկլավների իրավական հիմքը հրապարակված չէ։ Մեզ, գոնե, դա հասկանալի չէ։
Սահմանազատման հանձնաժողովի ուղիղ գործառույթն է պարզել, թե այս պահին սահմանազատման գործընթացում ինչ իրավական հիմքեր են դրված։ Գոնե այս պահին իրավական որևէ հիմք հրապարակված չէ, և այն, ինչ բանավոր կերպով խոսվում է, որ, օրինակ, իրավական հիմքը կողմերի ստորագրած կանոնակարգն է, դա սահմանազատման իրավական հիմք չէ։
Սահմանազատման իրավական հիմք կարող են հանդիսանալ այն փաստաթղթերը, որոնք հստակ ցույց են տալիս, թե ինչպես պարզել, թե տվյալ տարածքը ում է պատկանում, այսինքն՝ ապացուցողական բազա են հանդիսանում տարածքի պատկանելիության վերաբերյալ։ Այդ իրավական հիմքերին պետք է տիրապետի սահմանազատման հանձնաժողովը։
Ես այդ նյութերին ծանոթ չեմ, որովհետև դրանց մեծամասնությունն ունի գաղտնիության աստիճան»։
Նա ընդգծեց, որ իրականում տեսել է տարբեր քարտեզներ, որտեղ Տիգրանաշենը նշված է որպես անկլավ, ինչպես նաև տեսել է քարտեզ, որտեղ Տիգրանաշենը անկլավ չէ։
«Բայց իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կփաստեր, որ Տիգրանաշենը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ որպես անկլավ, ես չեմ տեսել, չեմ հանդիպել։
Ընդ որում՝ իրավական հիմք են հանդիսանում ոչ միայն քարտեզները, այլև դրանց կից տեքստային նյութերը, որոնք վավերացված են տվյալ ժամանակվա պատկան մարմինների կողմից։ Նմանատիպ փաստաթուղթ արխիվում հետազոտությունների ժամանակ մենք չենք հայտնաբերել»։

