Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին կրկին պահանջել է Գերմանիայից փոխհատուցում վճարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիոնալ-սոցիալիստների կողմից գործված հանցագործությունների համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
«Անհրաժեշտ են իրական գործողություններ, այլ ոչ թե պարզապես գեղեցիկ խոսքեր։ Լեհաստանին պետք է փոխհատուցում վճարվի», – հայտարարել է Նավրոցկին ելույթ ունենալով Լեհաստանի վրա գերմանական հարձակման 87-րդ տարելիցի կապակցությամբ։
Ըստ Նավրոցկու՝ Լեհաստանը կարող է օգտագործել Գերմանիայից ստացված միջոցները սեփական զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության կարիքները հոգալու համար՝ այդպիսով խուսափելով արևմտյան վարկեր վերցնելու անհրաժեշտությունից։
«Այդ կերպ ռեպարացիաները կարող են ծառայել նաև եվրոպական անվտանգության գործին։ Այսօր Լեհաստանն ու Գերմանիան ունեն ընդհանուր թշնամի՝ Ռուսաստանի Դաշնությունը, որը ապակայունացնում է իրավիճակն ամբողջ տարածաշրջանում և կրկին մահ է բերում՝ ճիշտ այնպես, ինչպես դա արել է դարեր և տասնամյակներ առաջ»,- հավելել է Լեհաստանի ղեկավարը։
Նավրոցկին նաև հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվել են մոտ վեց միլիոն լեհ քաղաքացիներ, ինչը կազմում էր այդ ժամանակվա բնակչության 17 տոկոսը։ Զոհերի գրեթե 90 տոկոսը խաղաղ բնակիչներ էին։
Գերմանիան մերժել է Լեհաստանի պահանջները։

