Ստեղծվել է Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա
«Այսօր հանրությանը ցանկանում ենք իրազեկել անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող նոր կառույցի ստեղծման մասին»,-հրավիրված ասուլիսում ասել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած Հենրիխ Մուրադյանի հորեղբայր Գոռ Մուրադյանը։
Կառույցը կոչվում է «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա» (ԱԿԱՀՀԱ) և կազմակերպության հեռախոսահամարն էլ խորհրդանշական են ընտրել՝ 093902023, ինչը խորհրդանշում է 90-ականների, 2020 թ և 2023 թվականի պատերազմները, Արցախի վառելիքի պահեստի պայթյունը։
2020 թվականին անհայտ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը Ասյա Դանիելյանը նշել է․ «Մեր ասոցիացիան երկար տարիների առանձին պայքար էր, երկար տարիներ փորձել ենք առանձին-առանձին ընտանիքներով պայքարել՝ իմանալու մեր երեխաների, մեր հարազատների ճակատագրերը, գնացել ենք տարբեր կառույցներ, հարցեր ենք տվել, պատասխանների ենք սպասել, վերջապես ուզում էինք ստանալ մեր ամենակարևոր հուզող հարցը, թե որտե՞ղ են մեր երեխաները։
Մենք մայրերով խումբ ստեղծեցինք, ու երկար պայքարից հետո որոշեցինք ու հասկացանք, որ ճիշտը միաբան լինելն է, կառուցել այնպիսի հարթակ, որ լինենք միասնական, ավելի ուշիմ, հետևողական, ճիշտ աշխատանքներ վարենք, լինենք ավելի կառուցողական, ու հենց այդտեղից էլ ստեղծվեց այս ասոցիացիան։ Ասոցիացիայի հիմնական նպատակն է գնալ երեխաների ճակատագրերի բացահայտման հետևից, ինչպես նաև ընտանիքների պաշտպանության համար է։ Մեր ասոցիացիայում ներառված են 1990-ականներից, 2020-ի պատերազմից, 2023-ի պատերազմից, և 2023 թվականի պայթյունի հետևանքով անհայտ կորածների ընտանիքներ:
Մեր ասոցիացիան սիրով կհամաձայնի համագործակցել բոլոր կառույցների հետ՝ կլինեն դրանք պետական մարմիններ, միջազգային կառույցներ, դոնոր կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, հետազոտական կենտրոններ, կհամագործակցենք՝ իհարկե պահպանելով մեր չեզոքությունը և հումանիտարությունը»,- նշել է նա:

