Վերջ տվեք բժիշկների աշխատանքի «քլիքով» մերժման այս արատավոր պրակտիկային. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան Հ/Կ նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է. «Բուժառուն դիմում է բժշկական կենտրոն՝ ուղեգրով կամ տեղափոխվում է շտապօգնության բրիգադով, անցնում է վիճակի գնահատում, հոսպիտալացվում, ստանում անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումը և առողջացած վերադառնում տուն։

Սակայն բուժման ավարտից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց, որը բազմաթիվ բժիշկների համար դարձել է լուրջ խնդիր։ Պատմագրերը ներկայացվում են վերջնական փորձաքննության և ֆինանսավորման հաստատման համար, սակայն հաճախ 5-օրյա ժամկետի ավարտին փորձագետները մերժում են հայտերը՝ հիմնվելով վիճահարույց պատճառաբանությունների վրա։

Բժիշկները նշում են դեպքեր, երբ մերժման պատճառ է դարձել օրինակ գլիկոլիզացված հեմոգլոբինի հետազոտության բացակայությունը՝ նույնիսկ այն դեպքում, երբ բուժառուի գլյուկոզայի ցուցանիշները եղել են նորմայի սահմաններում։ Այլ դեպքերում պահանջվել է ակնահատակի հետազոտություն այնպիսի բժշկական կենտրոններից, որտեղ համապատասխան մասնագետներ պարզապես չկան։ Հաճախ նույն պատմագիրը մի քանի անգամ վերադարձվում և մերժվում է, մինչև բազմաթիվ բացատրություններից հետո վերջապես հաստատվում է ֆինանսավորումը։

Խնդիրը վերաբերում է ոչ միայն մեկ մասնագիտության կամ մեկ հաստատության։ Նման իրավիճակների մասին ահազանգեր են հնչում թերապևտիկ, վիրաբուժական և տրավմատոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական կենտրոններից։ Կան դեպքեր, երբ նույն պատմագիրը մերժվել է հինգ և ավելի անգամ։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ մերժումների հիմքում դրված պահանջները հաճախ հստակ արտացոլված չեն գործող կարգավորումներում։ Երբ բժիշկները փորձում են պարզել, թե Հավելված 8-ի որ կետն է խախտվել կամ որտեղ են սահմանված պարտադիր հետազոտությունների ու վարման սխեմաների պահանջները, հաճախ ստանում են ընդհանրական պատասխան՝ «ըստ Հավելված 8-ի», առանց կոնկրետ հիմնավորման։

Բժշկական համայնքում աճում է դժգոհությունը նաև այն պատճառով, որ բազմաթիվ հաստատություններում աշխատավարձերը կապված են կատարողականի հետ։ Արդյունքում ֆինանսավորման անհիմն ձգձգումները և մերժումները ոչ միայն ազդում են բուժհաստատությունների ֆինանսական կայունության վրա, այլև բացասաբար են անդրադառնում բժիշկների աշխատունակության, հոգեբանական վիճակի և մասնագիտական մոտիվացիայի վրա։
Եթե համակարգը հանգեցնում է նրան, որ մասնագետները սկսում են խուսափել հոսպիտալացումներից՝ հետագա վարչական բարդություններից և մերժումներից խուսափելու համար, ապա խնդիրը դուրս է գալիս ֆինանսավորման շրջանակներից և դառնում առողջապահական համակարգի արդյունավետության ու հիվանդների շահերի պաշտպանության հարց։

Հ.Գ. Վերջ տվեք բժիշկների աշխատանքի «քլիքով» մերժման այս արատավոր պրակտիկային։
Բժիշկը բուժում է մարդուն, ոչ թե լրացնում փորձագետի քմահաճույքները։

Երբ համակարգը բժշկին ստիպում է վախենալ հոսպիտալացնելուց, դա արդեն ոչ թե ֆինանսավորման, այլ առողջապահության կառավարման լուրջ ձախողում է»: